fbpx
Աշխարհ

Թրամփի համար առաջնայինը առևտրի թեման է G20-ում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Մեծ քսանյակի» երկրների առաջնորդների գագաթնաժողովում իր գլխավոր առաջնահերթությունն է համարում առևտուրը, մինչդեռ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը նախազգուշացրել է աճող հովանավորչությունից, իսկ Հնդկաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը պաշտպանում են բազմակողմանի առևտրի կանոնները: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը:

Թրամփը, որը կուլուարներում համաշխարհային առաջնորդների, այդ թվում՝ Ճապոնիայի և Հնդկաստանի վարչապետներ Սինձո Աբեի և Նարենդրա Մոդիի հետ հանդիպումների շարք է անցկացնում, ասել է, որ ինքը ԱՄՆ առևտրային հեռանկարների բարելավում է տեսնում մի քանի օր անց այն բանից հետո, երբ քննադատել է ԱՄՆ-ի և Ճապոնիայի միջև անվտանգության մասին համաձայնագիրը և պահանջել, որ Նյու Դելին հետ կանչի պատասխան մաքսատուրքերը:

«Կարծում եմ՝ մենք մի քանի կարևոր հայտարարություններ կանենք: Մենք Հնդկաստանի հետ շատ մեծ բաներ կանենք առևտրի տեսանկյունից, արտադրության տեսանկյունից»,- ասել է Թրամփը Հնդկաստանի վարչապետի հետ բանակցությունների մեկնարկին:

Թրամփը, որը պետք է հանդիպի Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ, փորձել է իր հանդիպումների ժամանակ քննարկել նաև ԱՄՆ մտահոգությունը չինական Huawei հեռահաղորդակցային սարքավորումների արտադրողի վերաբերյալ:

Վաշինգտոնը ճնշում է գործադրել իր դաշնակիցների վրա, որպեսզի անվտանգության նկատառումներից ելնելով նրանք Huawei-ից խուսափեն 5G ցանցեր ստեղծելիս:

Օրվա ընթացքում ասիական բաժնետոմսերը գնանկում են ունեցել աճող կասկածների ֆոնին, որ Թրամփի և Սիի երկար սպասված հանդիպումը կթուլացնի առևտրային լարվածությունը:

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հայտարարել էր, որ Չինաստանի և ԱՄՆ-ի առևտրային հարաբերությունները բարդ են ու նպաստում են համաշխարհային տնտեսության դանդաղմանը:

Սին նաև նախազգուշացրել է հովանավորչական քայլերի մասին, որոնք, նրա խոսքով, ձեռնարկում են որոշ զարգացած երկրներ: «Այս ամենը կործանում է գլոբալ առևտրային կարգը… Սա նաև շոշափում է մեր երկրների ընդհանուր շահերը, ամբողջ աշխարհում ստվեր է նետում խաղաղության և կայունության վրա»,- G20-ի հանդիպումների կուլուարներում ասել է նա ԲՐԻԿՍ երկրների առաջնորդներին:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ