Թուրքական սոցցանցերում վերջերս հայտնի դարձած երգիչ Մուրադ Օվյուչն, իր ինստագրամյան սթորի բաժնում անդրադառնալով Քիմ Քարդաշյանի Հայոց ցեղասպանության մասին հրապարակումներին, վերջինիս «զզվելի հայ» էր անվանել և հայհոյանք հնչեցրել նրա հասցեին։
Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին ընդառաջ Քիմ Քարդաշյանն իր Twitter-ի էջում գրառում էր կատարել։
«Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը, և ես հպարտ եմ, որ ԱՄՆ-ն ճանաչել է այն»,- գրել է Քարդաշյանը։ Գրառմանը զուգահեռ Քիմն իր ինստագրամի սթորիներ բաժնում հրապարակել էր ցեղասպանությանը վերաբերող մի շարք լուսանկարներ:
Քիմ Քարդաշյանին ուղղված հրապարակման մեջ հայերին վիրավորանք հնչեցնելու համար Ստամբուլի Բեյլօղլուի թաղական խորհրդի ատենապետ, պոլսահայ իրավաբան Սիմոն Չեքեմն Օվյուչի դեմ հայց է ներկայացրել Ստամբուլի դատախազություն։ Դատախազությունը Չեքեմի բողոքի հիման վրա հետաքննություն է սկսել։ Օվյուչը խոստովանական ցուցմունքի ժամանակ իր մեղքը չի ընդունել՝ պատճառաբանելով, որ իր խոսքերը պատասխան են Քիմ Քարդաշյանին։
Մուրադ Օվյուչը հայտնել է, որ իր խոսքերն ուղղված են եղել Քիմ Քարդաշյան անունով ԱՄՆ քաղաքացուն և «օսմանցիներին թշնամի հայերին»։ «Այդպես եմ պատասխանել, քանի որ նա նսեմացրել էր մեր արժեքները»,-ասել է նա։
Օվյուչը պնդել է, որ իր հրապարակումը չի վերաբերում Թուրքիայի Հանրապետության հայ քաղաքացիներին և հավելել, որ ինքը 5-6 տարի է իր երկրի հայ քաղաքացիներին և հայկական կազմակերպություններին «օգնություն է տրամադրում»։ Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել հասարակության մեջ խտրականություն դնելու, ժողովրդի մեջ թշնամանք սերմանելու, վիրավորանք հնչեցնելու և սպառնալիք տարածելու հոդվածների հատկանիշներով։
Նշենք, որ Օվյուչը սոցցանցում գրել էր․ «Դուք՝ հայերդ զզվելի եք։ Դու ո՞վ ես, որ իմ օսմանցի մեծերին բարբարոս անվանես»։