Այսօր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, թատրոնի և կինոյի նշանավոր հայ դերասան Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է։
Մհեր Մկրտչյանը ծնվել է 1930 թվականին՝ Գյումրիում։ Սովորել է տեղի նկարչական ու երաժշտական դպրոցներում, միաժամանակ հաճախել է թատերական ինքնագործ խմբակ։ 1945-1946 թվականներին սովորել է Մռավյանի անվան թատրոնին կից ստուդիայում, ավարտելուց հետո, 1947 թվականին ընդգրկվել է նույն թատրոնի հիմնական խմբի մեջ։ Այս թատրոնում Մկրտչյանը խաղացել է տասնյակից ավելի մեծ ու փոքր դերեր՝ ցուցաբերելով իր տարիքի համար անսովոր վարպետություն։
1951-1956 թվականներին սովորել է Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտում նշանավոր ռեժիսոր և թատերական գործիչ Վաղարշ Վաղարշյանի գլխավորությամբ։1956 թվականից սկսած հանդես է եկելԳաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:
Մհեր Մկրտչյանը խաղացել է տասնյակ ներկայացումներում և նկարահանվել բազմաթիվ ֆիլմերում։Արժանացել է բազմաթիվ պարգևների և մրցանակների (ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1971), ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1984), ԽՍՀՄ պետական մրցանակ՝ «Միմինո» ֆիլմի համար, ՀԽՍհ պետական մրցանակ՝ «Եռանկյունի» ֆիլմի համար և այլն)։ 2001 թվականին հետմահում պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով։
Մհեր Մկրտչյանը մահացել է 1993 թվականի դեկտեմբերին` ծանր հիվանդությունից։ Այժմ Գյումրիում գործում է Մհեր Մկրտչյանի թանգարանը, որտեղ կան հարուստ նյութեր դերասանի կյանքի, ստեղծագործության վերաբերյալ։
Մկրտչյանը լայն հասարակության հայտնի է նաև Ֆրունզ (Ֆրուզիկ) անվամբ, այդպես նրան անվանել են ի պատիվ խորհրդային կուսակցական, պետական և ռազմական գործիչ, քաղաքացիական պատերազմի հերոս Միխայիլ Ֆրունզեի պատվին: Մի անձնագրում դերասանը ստորագրել է որպես Ֆրունզ Մկրտչյան, մեկ ուրիշում՝ որպես Մհեր Մկրտչյան:
Բնատուր տաղանդը, բարձր մասնագիտացումը, օրգանիկ խաղը, կերպարին յուրահատուկ դեմք ու դիմագիծ հաղորդելու կարողությունը, էկրանի ճշմարիտ զգացողությունն ու այլ հատկանիշներ Մհեր Մկրտչյանին հնարավորություն տվեցին դասվելու կինոարվեստի ինքնատիպ անունների շարքում։
«Դերասանր ներկայացնում է մարդուն, իսկ մարդու էության մեջ և լաց կա, և՛ ծիծաղ, և՛ հումոր»,- ասում էր Մհեր Մկրտչյանը։