Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ դիտարկմանը, թե գործող Սահմանադրությունը ամենից քննադատվածն է և հասարակության կողմից ամենից չընդունվածը:
«Ո՞նց եք գնահատում՝ հասարակության կողմից ընդունվա՞ծ է, թե՞ չընդունված: Մի փոքր կտրվեմ, կան երկրներ, որոնք արգելում են, որ սահմանադրությունները հանրաքվեի դրվեն: Հիմնավորումը շատ պարզ է, ասում են՝ բարդ իրավաբանական փաստաթուղթ է, թող ներող լինի բնակչության մեծ մասը, բայց դրա համար իրավագիտակցության, գիտելիքների որոշակի ավելի բարձր աստիճան է պետք»,- ասաց նա:
Թովմասյանը նշեց՝ շատ երկրներ ընդհանրապես արգելում են Սահմանադրությունը հանրաքվեի դնել, քանի որ ասում են՝ սա մասնագետների խնդիրն է, ուստի կամ հրավիրում են սահմանադիր ժողովներ, որոնք ընդունում են Սահմանադրությունը, կամ այդ գործառույթն անում է, ասենք, պառլամենտը՝ ավելի ընդլայնված կազմով և այլն:
Լրագրողներին դիմելով՝ ՍԴ նախագահն ասաց.
«Հիմա եթե նույնիսկ ես սկսեմ նեղ մասնագիտական խնդիրներ քննարկել, ներողություն, բայց դուք պարտավոր չեք այդ ամբողջը իմանալ, մի բան էլ գնահատական տալ՝ այդպե՞ս է, թե՞ ոչ: Գնահատականը տվողը մասնագետներն են և միջազգային կազմակերպությունները, որոնց անդամակցում ենք»:
ՍԴ նախագահն ընդգծեց՝ միջազգային այդ կազմակերպությունները, մասնավորապես՝ ԵԽ-ն և Վենետիկի հանձնաժողովը գնահատական են տվել, որ այս Սահմանադրությունը ոչ միայն տարածաշրջանի, այլև ԵԽ անդամ երկրների լավագույն սահմանադրությունն է կամ սահմանադրություններից է:
«Երբեք մեկ անձի համար Սահմանադրություն չեն գրում, սա հիշեք»,- նշեց Թովմասյանը: