ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների և հումանիտար հարցերով հանձնաժողովն նիստի ժամանակ կոչ է արել պատժել սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության մեղավորներին, ինչպես նաև պաշտպանել բոլոր լրագրողներին, ակտիվիստներին ու բլոգերներին։ Այս մասին հաղորդում է TACC-ը:
Ըստ այդ բանաձևի՝ ԵԱՀԿ ԽՎ-ն դատապարտում է սաուդցի լրագրողի սպանությունն ու անընդունելի համարում լրագրողների ազատության դեմ ոտնձգությունը: ԵԱՀԿ ԽՎ-ն նշել է, որ մեղավորները պետք է պատժվեն:
ԵԱՀԿ ԽՎ-ի կարծիքով՝ ազգային խորհրդարանները պետք է հետևեն իրենց երկրների կառավարությունների գործողություններին՝ լրագրողների սպանությունների կամ ճնշումների դեպքում:
Քննարկումների ընթացքում բանաձևի տեքստում ներառվել է նաև փոփոխությունը, ըստ որի՝ ԵԱՀԿ ԽՎ-ն կազմակերպության անդամ երկրներին կոչ է անում ռազմավարություն մշակել՝ լրագրող կանանց նկատմամբ ոտնձգություններն արմատախիլ անելու համար:
Միևնույն ժամանակ, ԽՎ-ն կոչ է անում ԵԱՀԿ անդամներին իրենց հայրենիք վերադարձնել քաղաքացիներին, որոնք անդամակցել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը, և դատական պատասխանատվության ենթարկել:
ԵԱՀԿ ԽՎ-ն համապատասխան մարմիններին կոչ է արել նաև ապահովել Չեչնիայում ԼԳԲՏԻ ներկայացուցիչների իրավունքների պաշտպանությունը, որոնք հետապնդման են ենթարկվում, իսկ Ռուսաստանին կոչ են արել համագործակցել ԵԱՀԿ-ի հետ այդ հարցերի լուծման համար: Նշվում է, որ խոսքը «լեսբիների, գեյերի, բիսեքսուալների, տրանսգենդերների և ինտերսեքսուալների» պաշտպանության մասին: