Վերաքննիչ քրեական դատարանն այսօր կհրապարակի իր որոշումը, որով պարզ կդառնա՝ ընտրակաշառքի գործով մեղադրվող Գագիկ Ծառուկյանը կկալանավորվի, թե ոչ։ Ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) առաջնորդը մեղադրվում է 2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրակաշառք տալը կազմակերպելու համար։
Նա մեղադրանքը չի ընդունում՝ պնդելով, թե քաղաքական հետապնդման է ենթարկվում կառավարության հրաժարականը պահանջելու համար։ Իշխանությունը կտրականապես հերքում է Ծառուկյանի այդ պնդումները՝ հորդորելով հարցը դիտարկել միայն իրավական հարթությունում։ Երեկ խորհրդակցական սենյակ հեռացած դատավոր Մխիթար Պապոյանը որոշումը հրապարակելու ժամը չի նշել։ Ծառուկյանի փաստաբան Սմբատ Մինասյանն «Ազատությանն» ասաց՝ ենթադրում են, որ դատավորը մինչև օրվա ավարտը կանի դա։
63-ամյա Ծառուկյանը Վերաքննիչում կայացած երկու նիստերին չի մասնակցել, քանի որ վարակված է կորոնավիրուսով, և, ինչպես փաստաբանն էր փոխանցել «Ազատությանը», մեկուսացած է տանը։
Վերաքննիչ բողոք են ներկայացրել ինչպես Ծառուկյանի պաշտպանական թիմը, այնպես էլ գլխավոր դատախազությունը։ Երկու կողմն էլ համաձայն չեն երեք շաբաթ առաջ առաջին ատյանի դատարանի կայացրած որոշման մեջ տրված գնահատականների հետ։ Ծառուկյանի փաստաբանները «Ազատության» հետ զրույցում ասել էին, որ համաձայն չեն այն դիտարկման հետ, որ իրենց պաշտպանյալը առնչություն ունի իրեն մեղսագրվող հանցագործության հետ։ Էմին Խաչատրյանն ասել էր, թե չկա գեթ մի ապացույց, որը կվկայի Ծառուկյանի մեղավորության մասին. – «Հիմնավոր կասկածն առհասարակ բացակայում է, նվազագույն շեմի մասին խոսք գնալ չի կարող, նույնիսկ այդ շեմը հաղթահարված չի, ինչ-որ մի հատ ցուցմունք, Վազգեն Պողոսյանի ցուցմունքը, որը փորձ է կատարվում ներկայացնել, թե իբր էնտեղ շատ արժեքավոր տվյալներ կան, որոնք վերաբերելի են պարոն Ծառուկյանին, որոնք վկայում են այդ մասին, իբր պարոն Ծառուկյանը կազմակերպել է խումբ, չգիտեմ, ղեկավարել է այդ խումբը, այդ խմբի անդամները կաշառքներ են բաժանել»:
Դատախազությունն էլ բողոքարկում է Ծառուկյանին ազատության մեջ թողնելու առաջին ատյանի որոշումը։ Դատավոր Ռոբերտ Պապոյանը, մերժելով ԲՀԿ առաջնորդին կալանքի տակ առնելու ԱԱԾ-ի միջնորդությունը, այդուհանդերձ, եզրահանգել էր՝ կա հիմնավոր կասկած, որ նա կատարել է իրեն մեղսագրվող հանցագործությունը։ Գլխավոր դատախազությունը կարծում է, որ Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը համարվող Ծառուկյանն ազատության մեջ կխոչընդոտի գործի քննությանը։
Փաստաբաններն «Ազատությանը» նաև հայտնել էին, որ Գագիկ Ծառուկյանը վերջերս առերեսվել է իր դեմ ցուցմունք տված «Երևանշին» ընկերության տնօրեն Վազգեն Պողոսյանի հետ։ Ըստ քրեական գործի` 2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Ծառուկյան» դաշինքի ընտրացուցակի 22 համարը զբաղեցրած Վազգեն Պողոսյանը դեռ փետրվարին է իրավապահներին հայտնել ընտրակաշաքի բաժանման մասին, երբ իր ղեկավարած ընկերությունում բոլորովին այլ քրեական գործի շրջանակներում կատարված խուզարկության ընթացքում հայտնաբերվել էին ընտրակաշառքին վերաբերող որոշակի փաստաթղթեր։
Գրում է Azatutyun-ը։

