fbpx
Հասարակություն

Մուրացկանությունը հանցագործություն չէ, եթե չի ուղեկցվում անչափահասների շահագործմամբ. փոխնախարար

Մուրացկանությունը Հայաստանում ընկալվում է ոչ թե որպես «կյանքի ոճ», այլ «սոցիալական անապահովության» հետևանք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Գեմաֆին Գասպարյանը՝ անդրադառնալով ֆեյսբուքյան օգտատեր Արփի Ոսկանյանի գրառմանը մուրացկանության մասին:

«Արփի ջան, մուրացկանությունը Հայաստանում ընկալվում է ոչ թե որպես «կյանքի ոճ», այլ «սոցիալական անապահովության» հետևանք, այն է՝ մարդիկ ասում են, որ գումար են ուզում երեխային հաց առնելու համար, դեղ առնելու համար կամ այլ կարևոր կարիքից ելնելով՝ պնդելով, որ աշխատանք չունեն, չեն կարող այլ տարբերակով այդ գումարը ունենալ․ ցավոք, հաճախ հենց այդպես է։

Մուրացկանությունը հանցագործություն չէ, եթե չի ուղեկցվում անչափահասների շահագործմամբ (գրկում երեխա կամ ձեռքը բռնած բազմիցս տեսած կլինես), իսկ երեխաների շահագործումը մեծ հետք է թողնում նրանց հետագա կյանքի վրա, մուրացկանությունը հանցագործություն չէ, եթե հարկադրման արդյունք չէ։
Ուզում եմ քեզ հավաստիացնել, որ մուրացկանությունը արգելող նոր օրենքի մասին խոսք չկա (չգիտեմ որտեղից քեզ այդպիսի տեղեկույթ), քանի որ այդ ամենը կարգավորվում է այլ օրենքներով, օրինակ՝ թրաֆիքինգի մասով մուրացկանության դրդելը շահագործման տեսակ է ու մենք ունեցել ենք այդպիսի բացահայտված դեպք կարծեմ 2017-ին։

Ի՞նչ պետք է անի պետությունը․ առաջին հերթին ուժեղացնի իր սոցիալական պաշտպանության գործիքակազմը այնպես, որ հանրայնորեն հավաստի լինի՝ եթե ես մուրացկանություն եմ անում՝ էդ իմ ընտրած կյանքի ոճն է, ոչ թե այլ տարբերակ չունեմ, ճար չունեմ։ Երկրորդ՝ կանխի շահագործումը։
Այս ամենից հետո, եթե մարդ ուզում է մուրացկանություն անել՝ իր գործն է, իր ընտրությունը։

Հ․Գ․ Վերջին ամիսներին բազմիցս փողոցում մոտեցել եմ տարբեր մուրացկանների, առաջարկել օգնությունս, խնդրել կոնտակտային տվյալներ, որ մեր սոցաջակցության մարմինները իրենց հնարավորության շրջանակում օժանդակեն՝ համարյա ապարդյուն, մանրամասները չեմ գրում, քանի որ անձնական ինֆորմացիա կարող է պարունակել», – գրել է փոխնախարարը։

https://www.facebook.com/gemafin.gasparyan/posts/2264013847038812

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ