fbpx
Կառավարություն

ԱԱԾ համազգեստի փոփոխության համար պետբյուջեից որևէ ավելորդ ծախս չի արվելու. Վանեցյան

Ազգային անվտանգության ծառայողների համազգեստի փոփոխության համար ՀՀ պետական բյուջեից որևէ ավելորդ ծախս չի արվելու, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։

Նա նշեց՝ ԱԱԾ համազգեստի փոփոխության կարիք կա, քանի որ այն չի փոխվել մոտ 50 տարի:

«Փոխվել են շևրոնները, ԽՍՀՄ-ի փոխարեն գրվում է Հայաստանի Հանրապետություն, բայց համազգեստը նույնն է։ Այս համազգեստը, որ հիմա կրում եմ, շատ մեծ ոգևորություն է առաջացրել և բոլորը փորձում են այս համազգեստը հագնել», – ասաց Արթուր Վանեցյանը՝ ցուցադրելով իր բաճկոնը։

Նա նշեց՝ համազգեստն առաջին հերթին հարմար ու գեղեցիկ պետք է լինի:

«Ես ասել եմ, որ առաջնահերթ համազգեստի փոփոխությունն իրականացվի սահմանապահների, մեր հսկիչ անցագրային կետերի զինծառայողների համար, որովեհետև Հայաստան եկող զբոսաշրջիները, օտարերկրյա քաղաքացիները, մեր հայրենակիցներն առաջինը շփվում են սահմանապահ զորքերի աշխատակիցների հետ ու, երբ նրանք զինվորական համազգեստով են, խիստ, փողկապով, հատկապես օտարերկրացիների համար հիշեցնում են խորհրդային տարիները, որտեղ ոչ այդքան լավ մթնոլորտ էր տիրում այս առումով։ Իսկ եթե լինեն գեղեցիկ համազգեստով ծառայողներ, դա ի սկզբանե ՀՀ մուտք գործող քաղաքացին այլ կերպ կընկալի», – ասաց Արթուր Վանեցյանը։

Արձագանքելով քննադատություններին, թե սա ավելորդ ծախս է պետբյուջեից, ԱԱԾ տնօրենն ընդգծեց, որ իրենց որևէ լրացուցիչ գումար համազգեստը փոխելու համար չի հատկացվելու:

«Ես ուզում եմ հավաստիացնել, որ մենք ոչ մի կոպեկ չենք վատնում։ Պետբյուջեից մեր համազգեստին հասանելիք գումարի շրջանակներում ուղղակի փոխում ենք համազգեստի դիզայնը։ Ոչ թե աշխատում են թանկարժեք դիզայներներ, այլ աշխատում ենք մենք։ Կրում ենք, հագնում ենք, փորձում ենք՝ տեսնում ենք հարմա՞ր է, և դա մի քիչ երկարատև պրոցես է, կանենք ու կփոխենք։ Սա որևէ ավելորդ ծախս չի նստելու բյուջեի վրա», – ասաց Արթուր Վանեցյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ