Ազգային ժողովի այգում նշվել է ճապոնական Հանամիի տոնը (ֆոտոշարք)

Հրապարակող՝

Ազգային ժողովի այգում նշվել է ճապոնական Հանամիի տոնը (ֆոտոշարք)

Ամենադիտվածներ

Ապրիլի 9-ին ՀՀ Ազգային ժողովի այգում՝ ծաղկած սակուրաների հարևանությամբ, նշվել է Ծագող Արևի Երկրի ամենագեղեցիկ և կարևոր տոներից մեկը՝ Հանամին, որին մասնակցել են ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան, ՀՀ ԱԺ Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբի ղեկավար Էդգար Առաքելյանը, խմբի անդամներ, մշակույթի գործիչներ:

Ճապոնագետ Աննա Վարդանյանի խոսքով՝ 2015 թվականին, երբ ԱԺ այգում տնկարկվեցին սակուրաները, քչերն էին հավատում, որ տնկիները կդիմակայեն և կաճեն Հայաստանի բնակլիմայական պայմաններում:

ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան նշել է, որ ուրախ է, որ սակուրաներն արմատներ են գցել, ծաղկել՝ խորհրդանշելով հայ-ճապոնական հարաբերությունները: Նրա խոսքով` ծառերը խորհրդանշում են մարդկային կյանքը, հույսը և կյանքում գոյություն ունեցող հրաշքների վկայությունը:

Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբի ղեկավար Էդգար Առաքելյանի ներկայացմամբ՝ նոր ձևավորված պատգամավորական խումբը բավականին ներկայացուցչական է, ներգրավված է 32 պատգամավոր, ովքեր պատրաստ են նպաստելու Հայաստան-Ճապոնիա համագործակցության խորացմանը: Նա ընդգծել է, որ հեղափոխությունից հետո առաջին անգամ է, որ քաղաքացիները կարող են անմիջապես մուտք գործել ԱԺ այգի և վայելել սակուրայի գեղեցկությունը:

Գրականագետ Արծվի Բախչինյանը ներկայացրել է Հեղինե Մելիք-Հայկազյանի «Մի պտույտ Ջապոնում» գիրքը, որը լույս է տեսել 1905 թվականին Թիֆլիսում: Նա հայ-ճապոնական հարաբերությունների ակունքների վկայությունն է համարել ուղեգրությունը՝ տեղեկացնելով, որը այն շուտով էլեկտրոնային տարբերակով հասանելի կլինի բոլորին:

Արծվի Բախչինյանը ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանին ընծայել է իր հեղինակած «Հայ ճապոնական պատմական և մշակութային առնչությունները» գիրքը:

«Իրո Հա» հայ-ճապոնական կրթական և մշակութային փոխանակման կենտրոնի սաները պոեզիայի միջոցով ներկայացրել են հայ և ճապոնական մշակույթների նմանությունները:

Տեղի է ունեցել նաև ծառազարդարի արարողություն. ներկաները ծաղկած սակուրաները զարդարել են «Հիկարի» հայ-ճապոնական գիտակրթամշակութային կենտրոնի սաների պատրաստած օրիգամիի՝ խաղաղությունը խորհրդանշող կռունկներով:

Ամենաթարմ