Վրաստանի ինքնահռչակ և Ռուսաստանի կողմից ճանաչված Աբխազիայի Հանրապետությունում լարված իրավիճակը շարունակվում է։ Ցուցարարները հրաժարվում են լքել ուրբաթ օրը գրոհած խորհրդարանի շենքը։ Բողոքի ակցիաները սկսվել են Մոսկվայի հետ կնքված ներդրումային համաձայնագրի դեմ, որը, ըստ ցուցարարների, նախագահ Ասլան Բժանիան օգտագործում է իր իշխանությունը ամրապնդելու համար։
Նախագահ Բժանիան առաջարկել է հրաժարական տալ և արտահերթ ընտրություններ հայտարարել, եթե ցուցարարները դադարեցնեն մայրաքաղաք Սուխումիի խորհրդարանի շենքի գրավումը։ «Երբ նրանք լքեն շենքը, ես կգրեմ իմ հրաժարականի դիմումը», – հայտարարել է նա՝ միաժամանակ հաստատելով նոր ընտրություններին մասնակցելու իր մտադրությունը։
Ցուցարարները հանրային հայտարարությամբ ընդգծել են, որ իրենց բողոքը ուղղված չէ Ռուսաստանի հետ Աբխազիայի հարաբերությունների դեմ, այլ Բժանիայի կողմից այդ հարաբերությունները անձնական շահերի համար օգտագործելու փաստի։
Մոսկվան մտահոգություն է հայտնել տարածաշրջանում ստեղծված ճգնաժամի կապակցությամբ՝ կոչ անելով իր քաղաքացիներին խուսափել Աբխազիա այցելելուց։ Հիշեցնենք, որ 2008 թվականի վրաց-ռուսական պատերազմից հետո Ռուսաստանը ճանաչել է Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախությունը, սակայն միջազգային հանրության մեծամասնությունը շարունակում է դրանք համարել Վրաստանի տարածք։
Ներկայիս բողոքի ցույցերը ընդգծում են Աբխազիայի ներսում առկա տարաձայնությունները, որտեղ Ռուսաստանի հետ կապերը շարունակում են մնալ քաղաքական ինքնության առանցքային տարր։