fbpx
Քաղաքականություն

Հովիկ Աբրահամյանը «սեփականաշնորհել է» Հերհերի ջրամբարը. մարդկանց թույլ չեն տալիս ձուկ որսալ

Վերջին շրջանում Վայոց ձորի Հերհեր համայնքում գտնվող ջրամբարից ձուկ որսացողները, ովքեր ունեն նաև դրա համար անհրաժեշտ թույլտվությունը, լուրջ խնդիրների առաջ են կանգնում։ Ջրամբարի հսկողությունն իրականացնող Հերհեր գյուղի երկու բնակիչ սպառնում են ձուկ որսացողներին՝ հայտարարելով, որ «լիճը Հովիկ Աբրահամյանինն է և վերջինս թույլ չի տալիս այլևս ձուկ որսալ այդտեղից»։ «Առաջներում ոչ մի լիցենզիա, ոչ մի բան հարկավոր չէր։ Լճում ձուկ կար, կարասիկ ձուկը, մարդիկ էլ գնում, առանց որևէ արգելքի բռնում էին, ու ոչ մեկ չէր ասում՝ ինչի ես եկել որսում ձուկը։ Հիմա դարձրել են լիցենզիայով։ Գնում ենք, լիցենզիան հանում ենք, գնում ենք, որ ձուկ բռնենք, երկու աշխատող կա, գալիս են վիճաբանություն են սկսում, չեն թողնում, քաշքշուկ է սկսվում։ Ամեն գնալուց նույն պատմությունն է։ Աշխատողը գալիս ասում է, որ ինքը լիճը հսկելու համար աշխատավարձ է ստանում, լիճն էլ, ձկներն էլ Աբրահամյան Հովիկինն են, ոչ մեկս իրավունք չունի բռնել ձուկ այդտեղից։ Ես չեմ հասկանում՝ չպրծանք էդ հովիկներից ու մյուսներից էս երկրում»,-1in.am-ի հետ զրույցում վրդովված ասաց Ջերմուկ քաղաքի բնակիչ Հակոբը՝ հավելելով, որ վերջին շրջանում գրեթե միշտ նույն վիճաբանությունն է։ Ջրամբարը հսկողները սպառնում են դիմել ոստիկանություն, տուգանք գրել և այլ մեթոդներով հարցերը լուծել։

«Ես լիցենզիան հանում եմ, ցույց եմ տալիս, ասում եմ՝ տես, Երևանից, բնապահպանությունից ես ձուկ բռնելու թույլտվություն ունեմ։ Աշխատողն էլ ասում ա՝ ով որ ձեզ նման լիցենզիա է տվել, գլուխը պատովն է տվել։ Բայց էսպես ոնց կլինի։ Ով է ասել, որ Հերհերի լիճը Հովիկ Աբրահամյանի սեփականությունն է։ Հանրային սեփականությունը չի կարող դառնալ ինչ-որ օլիգարխի սեփականություն։ Մի տարի առաջ բերել ձուկ են լցրել լիճը ու որոշել են, որ դա իրենցն է, իրենք էլ դրա սեփականատերն են, բայց դա չի կարող այդպես լինել։ Այս հարցը պետք է լուծվի»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ ինքը և մյուս ձկնորսները ջրամբարից ձուկ որսում են անձնական օգտագործման համար, օրը 4-5 հատ, բայց նրանք ցանցերով որսում են ու վաճառում։

Հիշեցնենք, որ ամռանը նույնպես Հերհեր համայնքի բնակիչները միջպետական ճանապարհի մոտ բողոքի ակցիա էին իրականացրել ջրամբարից ձուկ որսալու արգելքների հետ կապված։ Այդ ժամանակ հերհերցիները մատնանշում էին Հովիկ Աբրահամյանի եղբորը՝ Ջոնիկ Աբրահամյանին, որ նա վարձակալել է ջրամբարը և 4 տարի է՝ չի թույլատրում բնակիչներին մոտենալ ջրամբարին։ «Ջոնիկ Աբրահամյանը շուրջ 7 տարի է՝ վարձակալել է ջրամբարը և միայն առաջին 3 տարին է թույլատրել բնակիչներին օգտվել դրանից։ Ասում են՝ 99 տարով վարձակալության է վերցրել, սակայն դրա մասին վկայող որևէ փաստաթուղթ մենք չենք տեսել։ Հերհերցիներին չի թույլատրվում օգտվել գյուղի ջրամբարից թե՛ որպես հանգստի գոտի, թե՛ սիրողական ձկնորսության նպատակով։ Ջրամբարի աշխատակիցն ասում է՝ արգելված է։ Մենք այս խնդրով բազմիցս դիմել ենք մարզպետին, համայնքապետին, բայց մինչ օրս որևէ արձագանք չենք ստացել»,- ասել էին ակցիայի մասնակիցները։

«Առաջին լրատվական»-ը փորձեց բնապահպանության նախարարությունից պարզաբանում ստանալ այս խնդրի հետ կապված։ Մասնավորապես, թե ինչ հիմունքներով է ջրամբարը վարձակալությամբ տրվել Աբրահամյաններին, սակայն բնապահպանության նախարարությունից պատասխանեցին, որ նախարարությունը տալիս է ձկնորսության թույլտվություն ամբողջ Հայաստանի տարածքի համար, բացի հատուկ պահպանվող տարածքներից, իսկ ջրամբարները գտնվում են բնապահպանության նախարարության ենթակայությունից դուրս։

Ջրամբարները գտնվում են էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանը կից Ջրային կոմիտեի ենթակայության տակ։

Երեկ Ջրային կոմիտեից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ