Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությունն այն մասին, որ «տարածքներ անվտանգության դիմաց» ձևաչափն այսուհետև փոխարինվում է «նոր պատերազմ նոր տարածքների դիմաց» ձևաչափով, մեծ արձագանք է առաջացրել Ադրբեջանում:
Ինչպես հայտնում է «Սպուտնիկի» ադրբեջանական ծառայությունը, Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանել է, որ Տոնոյանի այդ հայտարարությունը «հերթական ակնհայտ խոստովանությունն է Հայաստանի բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից առ այն, որ երկրիրը վարում է թշնամական և նվաճողական քաղաքականություն»:
Ադրբեջանի ԱԳՆ մեկնաբանության մեջ նշվում է, որ այդ հայտարարությունը հնչել է անմիջապես Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպումից հետո: Գերատեսչությունը հիշեցնում է, որ բանակցություններից հետո ընդունվել է համատեղ հայտարարություն այն մասին, որ անհրաժեշտ է բարենպաստ պայմաններ ստեղծել խաղաղության համար և հստակ արդյունքների ուղղված քայլեր ձեռնարկել բանակցային գործընթացում՝ հակամարտությանը խաղաղ լուծում գտնելու համար:
Ադրբեջանի ԱԳՆ-ից եզրակացնում են, որ Տոնոյանի այդ հայտարարությունը կրում է «ակնհայտ սադրիչ բնույթ» և ուղղված է «միջազգային հանրության՝ հանձին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերի դեմ»: