ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Քրիստինե Ասատրյանը Ֆեյսբուքյան իր էջի միջոցով հայտարարություն է տարածել, որում ասված է.
«Շարունակելով Կառավարության կառուցվածքում փոփոխությունների շրջանակներում մշակված Երիտասարդական քաղաքականության կոմպոնենտի վերաբերյալ տեսլականը, Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում առաջարկվող Երիտասարդության հարցերի պետական կոմիտեի գործառույթների նախագիծը:
ՀՀ երիտասարդական քաղաքականության արդի մարտահրավերների համատեքստում այս մոտեցումն իսկապես դիտվում է ավելի շահեկան, քան վերջին 14 տարիների ընթացքում գործող մոդելը՝ երբ երիտասարդական քաղաքականության խնդիրները համադրված էին սպորտի ոլորտի հետ: Վերջին տարիների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ երիտասարդների համար առաջնային և կարևոր համարվող խնդիրների զգալի մասն առնչվում են կրթության ոլորտի հետ, իսկ ըստ առաջնահերթության երկրորդ տեղում գտնվող զբաղվածության և սոցիալական խնդիրներն, երիտասարդների պարագայում, հաճախ կրում են կրթության և մասնագիտական վերապատրաստումների ծրագրերի ածանցյալ բնույթ: Կառավարության կառուցվածքի բարեփոխումների համատեքստում երբ տեղի կունենա կրթական և մշակությային քաղաքականությունների առավելագույն սինխրոնիզացիա, միևնույն նախարարության կառույցում առկա Երիտասարդության հարցերի պետական կոմիտեի պարագայում երիտասարդական քաղաքականության բովանդակությունը էապես կհարստանա նաև մշակութային բաղադրիչով:
Նորաստեղծ Երիտասարդության հարցերի պետական կոմիտեի աշխատանքային ուղղությունները.
Երիտասարդության հարցերի պետական կոմիտեի գործունեության ուղղություններն են՝
• Ազգային երիտասարդական քաղաքականության մշակում և իրականացում*
• Երիտասարդական արդյունավետ քաղաքականության իրականացման համար անհրաժեշտ փոխկապակցված, համակողմանի և միջոլորտային ռազմավարության զարգացում,
• ՀՀ կառավարության ծրագրի երիտասարդությանը թիրախավորող նպատակների իրականացմանն ուղղված ծրագրերի մշակում և իրականացում՝ ներառական և համակողմանի երիտասադական քաղաքականության կառուցման միջոցով,
• Պետական նպատակային ծրագրերի մշակում և իրականացում, որոնք կնպաստեն այնպիսի միջավայրի ձևավորմանը, որտեղ երիտասարդները կկարողանան լիարժեք ինքնադրսևորվել և կառուցել սեփական ապագան,
• Երիտասարդների հասարակական, քաղաքական, քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և մշակութային մասնակցության մակարդակի բարձրացմանն ուղղված ծրագրերի մշակում և իրականացում,
• Երիտասարդության զբաղվածության և սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների լուծման համար անհրաժեշտ խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի մշակում,
• Միջազգային և տեղական կազմակերպությունների հետ երիտասարդության ոլորտում աշխատանքի և համագործակցության համակարգում,
• Միջազգային և տեղական դոնոր կազմակերպությունների հետ երիտասարդությանը թիրախավորող ծրագրերի և աշխատանքների համակարգում,
• Տեղական երիտասարդական հասարակական կազմակերպությունների, երիտասարդների ոչ ֆորմալ խմբերի, երիտասարդական ակումբների և երիտասարդական ոլորտի փորձագետների կարողությունների զարգացում՝ մարզային համաչափ զարգացման համատեքստում,
• Երիտասարդության հարցերի շուրջ միջգերատեսչական համագործակցության համակարգում:
Նախատեսվում է, որ կոմիտեն կունենա 20 աշխատակից, նախկինում ոլորտը սպասարկող 27 աշխատակցի փոխարեն։ Նման վերաձևավորումը թույլ կտա հատկացվող պետական միջոցներն առավել արդյունավետ օգտագործել և ունենալ երիտասարդական քաղաքականության ոլորտում փորձ ունեցող մասնագետների ավելի փոքր, բայց միաժամանակ նաև առավել արդյունավետ գործող թիմ։
* Սփյուռքի նախարարության լուծարման արդյունքում, վերջինիս կողմից իրականացվող համահայկական երիտասարդական ծրագրերը կարող են դուրս մնալ Սփյուռքի գործերով հանձնակատարի օրակարգից, ուստի կա անհրաժեշտություն ազգային երիտասարդական քաղաքականության առաջնահերթությունների և դրանց իրականացմանն ուղղված ծրագրերի մշակման համար»:
