Ադրբեջանի կողմից Արցախում էլեկտրակայանների կառուցումը հանդիսանում է օկուպացված տարածքների յուրացման և բնական պաշարների անօրինական շահագործման հերթական քայլը: Այս գործողությունները ոչ միայն խախտում են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, այլև վկայում են Ադրբեջանի՝ տարածաշրջանում փաստացի իրավիճակ ստեղծելու քաղաքականության մասին:
Ադրբեջանի իշխանություններն օկուպացված Արցախի Հանրապետության տարածքում կառուցում են 32 էլեկտրակայան: Այս մասին ասել է «Կանաչ էներգիայի էլեկտրակայան» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Էմիլ Իբադովը: Նրա խոսքով՝ դրանց ընդհանուր հզորությունը կկազմի 270 մեգավատ։
Հատկանշական է, որ էներգետիկ ենթակառուցվածքների կառուցումն իրականացվում է առանց տեղի բնակչության համաձայնության և մասնակցության: Սա ցույց է տալիս Ադրբեջանի իրական մտադրությունները՝ տնտեսական ներդրումների քողի տակ ամրապնդել վերահսկողությունը տարածաշրջանի նկատմամբ:
«Կանաչ էներգիայի» զարգացման հռետորաբանությունը չի կարող քողարկել այն փաստը, որ այս նախաձեռնությունները նպատակ ունեն փոխել տարածաշրջանի ժողովրդագրական և տնտեսական պատկերը: Էլեկտրակայանների կառուցումը կարող է դիտարկվել որպես երկարաժամկետ ռազմավարության մաս՝ ուղղված տարածքի ամբողջական վերահսկման հաստատմանը:
Միջազգային հանրությունը պետք է ուշադրություն դարձնի այս գործողություններին, քանի որ դրանք խախտում են պատերազմական գործողությունների հետևանքով տեղահանված անձանց իրավունքները և խոչընդոտում են տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը:

