fbpx
Աշխարհ

Ադրբեջանը Pegasus է օգտագործել հայերի, այդ թվում`պաշտոնյայի լրտեսելու համար

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը նոր բանաձև է ընդունել, որով, ի թիվս այլ երկրների, նաև Ադրբեջանին կոչ է անում երեք ամսվա ընթացքում տեղեկացնել ԵԽԽՎ-ին և Վենետիկի հանձնաժողովին Pegasus-ի և նմանատիպ լրտեսական ծրագրերի օգտագործման մասին:

Բանաձևում նշված է՝ հզոր ապացույցներ կան, որ Ադրբեջանը նույնպես օգտագործել է Pegasus, այդ թվում՝ Հայաստանի հետ հակամարտության ժամանակ։

«Ադրբեջանը նույնպես օգտագործել է Pegasus-ը, այդ թվում՝ լրագրողների, անկախ լրատվամիջոցների սեփականատերերի և քաղաքացիական հասարակության ակտիվիստների դեմ։ Վերջին զեկույցները բացահայտում են նաև Հայաստան-Ադրբեջան հակամարտության հետ կապված դրա կիրառումը՝ Հայաստանում աշխատող 12 անձանց, այդ թվում՝ Հայաստանի պետական պաշտոնյայի դեմ, ինչը, կարծես թե, անդրազգային թիրախավորված հսկողության օրինակ է»,-ասված է զեկույցում:

Վեհաժողովը գտնում է, որ լրտեսական ծրագրերի չարաշահումների մեջ մեղադրվող անդամ պետությունների ազգային հետաքննչական մարմինները և դատարանները պետք է ամբողջությամբ հետաքննեն և որոշեն, թե արդյոք Pegasus-ի և նմանատիպ լրտեսական ծրագրերի օգտագործումն օրինակա՞ն է ներպետական օրենսդրության համաձայն և համապատասխանո՞ւմ է միջազգային չափանիշներին:

Վեհաժողովը բանաձևով հորդորներ է հղել տարբեր երկրների: Վեհաժողովը բանաձևով պարտավորեցնում է Ադրբեջանին երեք ամսվա ընթացքում տեղեկացնել ԵԽԽՎ-ին և Վենետիկի հանձնաժողովին Pegasus-ի և նմանատիպ լրտեսական ծրագրերի օգտագործման մասին, իրականացնել արդյունավետ, անկախ և արագ հետաքննություն՝ լրտեսական ծրագրերի չարաշահման բոլոր հաստատված և ենթադրյալ դեպքերի վերաբերյալ և թիրախավորված զոհերին տրամադրել բավարար փոխհատուցում:

Վեհաժողովը նաև կոչ է անում Ադրբեջանին ձեռնպահ մնալ թիրախավորված անձանց համար լրտեսական ծրագրերի օգտագործման վերաբերյալ տեղեկատվության հասանելիությունը մերժելուց, չարաշահումների դեպքում կիրառել համապատասխան քրեական կամ վարչական պատասխանատվության միջոցներ:

Վեհաժողովը Վենետիկի հանձնաժողովին խնդրել է գնահատել բոլոր անդամ պետությունների, առաջնահերթ՝ Լեհաստանի, Հունգարիայի, Հունաստանի, Իսպանիայի և Ադրբեջանի, ապա Գերմանիայի, Բելգիայի, Լյուքսեմբուրգի, Նիդերլանդների և մյուս անդամ պետությունների թիրախային հսկողության վերաբերյալ օրենսդրական դաշտը և պրակտիկան՝ գնահատելու համար, թե արդյոք դրանք պարունակում են համապատասխան և արդյունավետ երաշխիքներ՝ լրտեսական ծրագրերի ցանկացած հնարավոր չարաշահման դեմ՝ հաշվի առնելով նաև Եվրոպայի խորհրդի չափանիշները:

Բանաձևի ընդունմանը կողմ է եղել 91 անդամ, դեմ՝ 16-ը, ձեռնպահ՝ 4-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ