Ադրբեջանը պետք է բախվի իր գործողությունների հետևանքներին. Եվրախորհրդարանի պատգամավորներ

Եվրախորհրդարանի անդամները հոկտեմբերի 3-ի բանավեճի ժամանակ կոշտ քննադատության ենթարկեցին Ալիևի վարչակարգի գործողությունները Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի նկատմամբ։

Ինչպես հայտարարել է Հարավային Կովկասի հետ հարաբերությունների գծով Եվրախորհրդարանի պատվիրակության ղեկավար Մարինա Կալջուրանդը, Եվրամիությունը պետք է վերանայի իր հարաբերությունները Ադրբեջանի հետ և առաջ քաշի իր պայմանները։

«Մենք պետք է դադարեցնենք հանդարտեցման քաղաքականությունը, և Ալիևի վարչակարգի համար անհապաղ հետևանքներ պետք է լինեն»,- ընդգծել է նա։

Կալջուրանդը քննադատել է նաև Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենին, ով անցյալ տարի իր այցի ժամանակ կանգնել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողքին և գովել Բաքվին՝ նրան անվանելով «ԵՄ վստահելի գործընկեր»։

«Այսօր Հանձնաժողովը շատ հստակ հասկացրեց, որ Ադրբեջանի գործողությունները՝ սկսած ռազմական գործողություններից, ավարտվում են Լեռնային Ղարաբաղի բնակչության բռնի տեղահանմամբ, ինչը փաստացի էթնիկ զտում է և անընդունելի»,- նշել է նա։

Եվրախորհրդարանի պատգամավորի խոսքով՝ ԵՄ-ն արձագանքելու համար անհրաժեշտ լծակներ ունի, և նրա պատասխանը պետք է ներառի պատժամիջոցներ։

Իր հերթին, եվրոպացի պատգամավոր Նատալի Լոզոն, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին, կոչ է արել չկրկնել անցյալի սխալները։

«Մենք պետք է ծառայենք մեր պատվին և ծառայենք Հայաստանին»,- ընդգծեց նա։

ԵՄ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը X-ի իր միկրոբլոգում մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Եվրախորհրդարանում տեղի ունեցած բանավեճը։

«Եվրախորհրդարանի անդամները միակարծիք են.

Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումները դատապարտելու հարցում

Ալիևի ռեժիմը պետք է բախվի իր գործողությունների հետևանքներին.

Հայաստանին ԵՄ-ի բազմակողմանի աջակցության մեջ

Հայերը պետք է վերադառնան Լեռնային Ղարաբաղ՝ միջազգային երաշխիքների և ներկայության ներքո»,- նշել է նա։

Ամենաթարմ