Սեպտեմբերի 13-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտնել է, որ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը:
«ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հանգամանալից քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր։
- Հանդիպել են Արարատ Միրզոյանն ու Դավիթ Բաբայանը
- Արարատ Միրզոյանը հանդիպել է Մինսկի խմբի ռուս համանախագահի հետ
Կողմերն ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորման անհրաժեշտությունը։ ԱԳ նախարարը շեշտել է, որ տարածաշրջանային կայունության և անվտանգության հաստատման համար կարևոր են հրադադարի ռեժիմի պահպանումը, Ադրբեջանում դեռևս պահվող ռազմագերիների և քաղաքացիական պատանդների շուտափույթ և անվերապահ հայրենադարձումը, ինչպես նաև հայատյաց և ռազմատենչ հռետորաբանությունից հրաժարվելը։
Հայաստանի ԱԳ նախարարը նաև ընդգծել է, որ ՀՀ ինքնիշխան տարածքում Ադրեջանի զինված ուժերի անօրինական ներկայությունը, ԼՂ հակամարտության գոտում զորավարժությունների իրականացումը խաթարում են տարածաշրջանում դեսկալացիայի ջանքերը։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի շուրջ»,- նշված է հաղորդագրության մեջ: