Քաղաքականություն
16:00 21/05/2020

ԱԳՆ-ն մեկնաբանել է ԱՀ նախագահի երդմնակալության մասին Ադրբեջանի հայտարարությունը

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Արցախի նորընտրի նախագահի՝ Շուշիում կայանալիք երդմնակալության վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ կողմից արված հայտարարությունը:

«Հարկ եմ համարում նշել, որ պատերազմի սպառնալիքները և ռազմատենչ կեցվածքը՝ լինեն դրանք հայտարարությունների, թե միջազգային հաձնառությունների խախտմամբ անցկացվող լայնամասշտաբ զորավարժությունների տեսքով, Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշման ավանդական բաղադրիչներն են, որոնք որևէ ազդեցություն չեն կարող ունենալ ղարաբաղյան հիմնահարցում հայկական կողմերի դիրքորոշումների և Արցախում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացների վրա:

Այնուհանդերձ, դրանք միանշանակորեն վնասում են խաղաղության նպաստող միջավայրի ձևավորմանը, որն անհրաժեշտ է բովանդակային հարցերի դիտարկման համար: Հայաստանը հավատարիմ է հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:

Եվս մեկ անգամ շնորհավորելով Արցախի ժողովրդին ժողովրդավարական գործընթացների արդյունքում իշխանություն ձևավորելու կապակցությամբ՝ ցանկանում ենք վերահաստատել, որ Հայաստանի Հանրապետությունը կշարունակի սերտորեն համագործակցել խաղաղ գործընթացում Արցախի ժողովրդին ներկայացնող նոր իշխանությունների հետ և այդ համատեքստում հետևողականորեն պաշտպանել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացումը՝ առանց որևէ սահմանափակման»,-ասվում է ԱԳՆ խոսնակի մեկնաբանության մեջ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ