Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ փետրվարի 8-ին նիստ է գումարել Անվտանգության խորհուրդը՝ ընդլայնված կազմով:
Oրակարգում ներառված հարցերը վերաբերել են հետպատերազմյան իրողություններին՝ Արցախի Հանրապետության անվտանգության ապահովման հարցերից մինչև Արցախի իշխանության վերահսկողությունից դուրս մնացած շրջանների և դրանց բնակիչների խնդիրներ:
Զեկուցումներով հանդես են եկել Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը, քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը:
Անվտանգության խորհուրդը զեկուցումների հիման վրա լրացուցիչ քննարկումներ կծավալի և առաջարկություններով կդիմի գործադիր և օրենսդիր իշխանության մարմիններին:
Նախագահ Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ այսուհետ Անվտանգության խորհուրդը նիստեր է հրավիրելու ավելի հաճախակի՝ ըստ նախօրոք հայտնի օրակարգի, իսկ հրատապ հարցերի դեպքում՝ ըստ անհրաժեշտության: