Ուղիղ 22 տարի առաջ՝ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին, տեղի ունեցավ ահաբեկչական հարձակում Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի շենքում, որի արդյունքում սպանվեցին 8 բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանն ու ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը։ Սպանվեցին նաև ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, ԱԺ պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանն ու Միքայել Քոթանյանը, ինչպես նաև ՀՀ օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանը։
Հարձակումն իրականացվել է այն ժամանակ, երբ Խորհդարանում ընթանում էր ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանը, որին ներկա էին նաև Կառավարության անդամները։
Բուն գործողությունն իրականացրել են 5 անձ՝ Նաիրի Հունանյանը, Կարեն Հունանյանը, Վռամ Գալստյանը, Դերենիկ Բեջանյանը և Էդուարդ Գրիգորյանը։ Սակայն ահաբեկչության կազմակերպման մեջ մեղադրվողները 8-ն են։ Բացի նրանցից դատապարտվել են Աշոտ Կնյազյանն ու Համլետ Ստեփանյանը, իսկ Նորայր Եղիազարյանը մինչև դատավճռի կայացումը էլեկտրահարվել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի իր խցում։
Ահաբեկչության արդյունքում եղել են նաև վիրավորներ։ Պաշտոնապես նշվում է, որ վիրավորվել է 8 անձ, սակայն BBC-ի պնդմամբ՝ վիրավորների թիվը հասել է 30-ի։
Ահաբեկիչները զենքերը վայր են դրել միայն հաջորդ օրը՝ հոկտեմբերի 28-ի առավոտյան, որից հետո ազատ են արձակվել նաև ԱԺ-ում պատանդառության վիճակում գտնվող 91 անձինք, որոնց թվում հիմնականում պատգամավորներ էին։
Մարդասպանների վերաբերյալ դավաճիռը հրապարակվել է 2003 թվականին, որով 6 անձ դատապարտվել է ցմահ, իսկ Համլետ Ստեփանյանը՝ 14 տարվա ազատազրկման։ Հատկանշական է, որ 8 մեղադրվողներից այս պահի դրությամբ ողջ են միայն 3-ը՝ Նաիրի ու Կարեն Հունանյանները և Դերենիկ Բեջանյանը, որոնցից Կարեն Հունանյանը խելագարվել է։
Պաշտոնական վարկածի համաձայն՝ ամբողջ գործողությունը կազմակերպել է Նաիրի Հունանյանը, մանրամասն մշակել այն, ձեռք բերել համախոհներ և իրականացրել։ Այդ նույն պաշտոնական վարկածի համաձայն՝ նպատակը եղել է պետական հեղաշրջումը։
Սակայն, բացի պաշտոնական վարկածը, կան նաև այլ վարկածներ, որոնցում ահաբեկչության կազմակերպման արմատները գնում են Հայաստանի սահմաններից դուրս։
Դրանցից մեկի համաձայն՝ այս ահաբեկչությունում կա ռուսական հետք։ 2005 թվականին նախկին ռուս հետախույզ Ալեքսանդր Լիտվինենկոն «Ռեալնի Ազերբայջան» շաբաթաթերթին տված հարցազրույցում ուղիղ կերպով ասել է, որ հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը ռուսական Գլխավոր հետախուզական վարչության ձեռքի գործն է։ Ըստ Լիտվիենկոյի՝ այս ահաբեկչական ակտի միջոցով ռուսական քաղաքական ղեկավարությունը կանխեց Ղարաբաղի հարցի կարգավորման համաձայնագրի ստորագրումը։ Նա ռուսական գաղտնի ծառայություններին մեղադրել է նաև Բաքվի մետրոյում տեղի ունեցած պայթյունն իրականացնելու մեջ։
Վարկածներից մեկի համաձայն էլ Նաիրի Հունանյանը կապ է ունեցել թուրքական որոշ շրջանակների հետ, որն էլ կարող է կապ ունենալ ահաբեկչության հետ։ Նրա ու Թուրքիայի միջև կապերի մասին խոսվել է գործով հարցաքննվողներից Շանթ Հարությունյանի և ԱԱԾ աշխատակից Կարեն Միքայելի Պարունակյանի ցուցմունքներում։
Սակայն, այս դեպքում ավելի արժանահավատ է թվում ռուսական հետքի վարկածը։
Հոկտեմբերի 27-ի գործը, չնայած փակված է, սակայն դրա մասին խոսվում է մինչ օրս ու շատերին չի բավարարում պաշտոնական վարկածն ու դատապարտվածների շրջանակը։ Մասնավորապես, կարելի է հիշել վերջին տարիներին հայ տարբեր քաղաքական գործիչների, այդ թվում՝ Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանի, ՀՀ ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու այլ անձանց հայտարարությունները։ Իսկ այս տարվա խորհրդարանական արտահերթ ընտրությունների գիշերը, երբ Ալեն Սիմոնյանը ճեպազրույց էր տալիս լրագրողներին, իր խոսքում ասաց, որ Ռոբերտ Քոչարյանը դեռևս պետք է հարցերի պատասխանի հոկտեմբերի 27-ի վերաբերյալ։
Նշենք նաև, որ վերջերս ակտիվ խոսակցություններ են գնում գործը վերաբացելու մասին։