Փետրվարի 22-ին ՀՀ ԱԻ նախարարի տեղակալ Արկադի Բալյանն ընդունեց «Բժիշկներ առանց սահմանների» միության հայաստանյան առաքելության ներկայացուցիչներին: Արկադի Բալյանը շնորհակալություն հայտնեց այցի համար և բարձր գնահատեց վերջին 30 տարիների ընթացքում միության գործունեությունը Հայատանի Հանրապետությունում:
«Բժիշկներ առանց սահմանների» միության հայաստանյան առաքելությունն իր գործունեությունը մեր երկրում իրականացնում է 1988 թ. Սպիտակի երկրաշարժից ի վեր:
Միությունն ավարտում է հայաստանյան առաքելությունը և այդ կապակցությամբ որոշել է ԱԻՆ-ին նվիրաբերել երեք ռադիոմետր սարքավորում:
Ռադիոմետրերից երկուսը նախատեսված են գամմա, իսկ մեկը՝ ալֆա, բետա և գամմա ճառագայթներ չափելու համար:
Փոխնախարար Բալյանը շնորհակալություն հայտնեց նվիրատվության համար և նշեց, որ սարքերի կարևորությունը պայմանավորված է հատկապես Մեծամորի ատոմային էլեկտրակայանի հետ կապված հնարավոր արտակարգ իրավիճակներին արձագանքելու կարողությունները զարգացնելու անհրաժեշտությամբ:
«Բժիշկներ առանց սահմանների» միությունը ծրագրեր է իրականացնում աշխարհի շուրջ 70 երկրներում: