fbpx
Քաղաքականություն

ԱԻՆ-ը պահանջում է Newspress.am-ին հերքում հրապարակել և ներողություն խնդրել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հերքում է տեղադրել Newspress.am կայքում ԱԻ նախարարին առնչվող հրապարակման վերաբերյալ:

«Newspress.am լրատվական կայքի լրագրողի՝ «Արտակարգ իրավիճակների նախարարը «հականիկոլական» աշխատակիցներին հրահանգել է ազատման դիմում գրել. վերևից իջեցված հրամա՞ն» վերտառությամբ հրապարակումը ոչ միայն ապատեղեկատվություն է և որևէ աղերս չունի իրականության հետ, այլև զրպարտության և անձնական վիրավորանքի տիրույթում է, ունի քաղաքական ենթատեքստ:

Տեղեկացնում ենք, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունում նման «հավաք» տեղի չի ունեցել, իսկ այդպիսի հրահանգավորման մասին խոսք անգամ չէր կարող լինել, քանի որ նախարարությունը՝ որպես կիսաուժային կառույց, քաղաքականությունից զերծ է: Կարծում ենք նաև, որ նման ստահոդ լուրերի հիմքում զոհերի անունները շահարկելը բարոյական հարթությունում համապատասխան որակում ունի:

Այս հրապարակումը պատրաստելիս, ըստ ամենայնի, տիկին Մկրտումյանը կամ մասնագիտական թերացում է ունեցել՝ տեղեկությունների ճշգրտման առումով, կամ կեղծ լրատվությունը տարածել է՝ ունենալով որոշակի քաղաքական հետաքրքրություններ, որը լրագրողի մասնագիտական պարտականությունների շրջանակից դուրս է:

Իսկ ինչ վերաբերում է ԱԻՆ պաշտոնական կայքում նախարարի կենսագրության մեջ 2008 թվականին Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 1-ին աստիճանի մեդալով պարգևատրման մասին տեղեկատվության թերի լինելուն, այն է՝ ըստ լրագրողի, նշված չէ թե ու՞մ կողմից է տրված. արձանագրենք, որ նույն ձևաչափով ներկայացված են նախարարի պարգևների մեծ մասը, որոնք շնորհվել են տարբեր պետական բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, այդ թվում` նաև երկրորդ և երրորդ նախագահների:

Վերընշվածից ելնելով՝ Newspress.am – ից պահանջում ենք հրապարակել հերքումը և ներողություն խնդրել անձնական վիրավորանքի համար»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ