fbpx
Խորհրդարան

Աժ արտահերթ նիստը մեկնարկեց երկրորդ փորձից․ օրակարգում Քաղաքացու օր ունենալու նախագիծն է

Ազգային ժողովում քիչ առաջ մեկնարկեց խորհրդարանի արտահերթ նիստ, որի ժամանակ քննարկվելու են կառավարության ներկայացրած 4 օրինագծեր։ ԱԺ նիստի մեկնարկից առաջ պատգամավորները գրանցվեցին, սակայն առաջին անգամ գրանցված պատգամավորների թիվը չբավականացրեց, քվորում չապահովվեց։

Միայն երկրորդ փորձից հետո հնարավոր եղավ ապահովել քվորում այն բանից հետո, երբ ԲՀԿ պատգամավորները միացան գրանցմանը։

Ազգային ժողովի այսօրվա արտահերթ նիստի օրակարգային հարցերից մեկը ապրիլի վերջին շաբաթ օրը քաղաքացու օր հռչակելու հարցն է։ Այն միտված է նախորդ տարվա ապրիլ-մայիսի իրադարձություններում քաղաքացու դերը բնորոշելուն։

«Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր նշվում է ապրիլի վերջին շաբաթ օրը: Այն դեպքում, երբ մայիսի 1-ը կհամընկնի շաբաթ օրվա հետ, ապա որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր նշվում է ապրիլի վերջին կիրակի օրը», – ասվում է նախագծում։

Նախագծի հիմնավորման համաձայն՝ այս օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2018 թվականի ապրիլին Հայաստանում տեղի ունեցած աննախադեպ քաղաքական իրավիճակով: Ստեղծված բազմաթիվ սոցիալ-տնտեսական, իրավական և քաղաքական բնույթի խնդիրների շուտափույթ լուծման անհրաժեշտությամբ օրեր շարունակ հազարավոր քաղաքացիներ ցույցերի և երթերի ձևով իրենց պահանջներն էին ներկայացնում իշխանություններին:

«Համաժողովրդական շարժման արդյունքը եղավ ոչ բռնի թավշյա հեղափոխությունը … Առաջարկվող կարգավորումը հնարավորություն կընձեռնի հայոց պատմության մեջ նոր էջ բացած, Հայաստանի Հանրապետության հազարավոր քաղաքացիների կողմից իրականացված համաժողովրդական շարժման առիթով տոնելու Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր», – ասվում է հիմնավորման մեջ:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ