ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց խնամակալության նպաստ սահմանելու վերաբերյալ օրենքի նախագիծ:
Նախագիծը ստացավ 107 կողմ, 1 ձեռնպահ ձայներ:
«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ նիստում ներկայացրել էր նախագծի համահեղինակ Նարեկ Զեյնալյանը:
Նախագծով առաջարկվում է օրենքում ավելացնել «խնամակալության նպաստ» հասկացությունը: Եվ այն մարդկանց, որոնց խնամակալության տակ կան անձինք, որոնք կարիք ունեն շուրջօրյա խնամքի, նրանց նկատմամբ սահմանել նպաստ
Նախագծի սկզբնական տարբերակում շահառուների թիվը բավականին լայն է եղել, բայց քննարկումների արդյունքում շահառուների թիվը կրճատվել է, թողնվել է ամենախոցելի խումբը: Այսպիսով, նախագծով սահմանվում է, որ խնամակալության նպաստ ստանալու իրավունք ունեն տասնչորս տարին չլրացած անչափահասների նկատմամբ խնամակալ ճանաչվածները, որոնք հաշվառված են խնամակալության նպաստի համակարգում: Զեյնալյանը պարզաբանել էր, որ խոսքը ծնողական խնամքից զուրկ մնացած և հոգեկան խնդիրներ ունեցող 433 երեխայի մասին է: