fbpx
Քաղաքականություն

ԱՄՆ-ը աջակցում է Արցախին ու Հայաստանին ի հեճուկս Ալիևի ռազմատենչության

Ադրբեջանի նախագահը նոյեմբերի 8-ին ելույթ ունենալով Սամարղանդում ընթացող Թյուրքական պետությունների գագաթնաժողովում Հայաստանին անվանել էր ագրեսոր և արդարացրել իրենց գործողությունները։ Ալիևը կտրականապես հերքել էր ռազմական ագրեսիայի մեջ Բաքվին ուղղված Երևանի մեղադրանքները։

«Հայաստանը միջազգային հանրությանը մոլորեցնելու համար փորձում է Ադրբեջանին անհիմն մեղադրել ռազմական ագրեսիայի մեջ։ Մենք կտրականապես մերժում ենք նման անհիմն մեղադրանքները։ Մենք կռվել ենք մեր հողի վրա և, հաղթելով հայկական բանակին, նրան դուրս ենք արել մեր պատմական հողերից», – ասել էր Ադրբեջանի նախագահը՝ պնդելով, թե սահմանին ադրբեջանական զինված ուժերը «ներկայումս դիրքեր են գրավում իրենց հայրենի հողում»։

Այս ամենին հետևեց Նիկոլ Փաշինյանի պատասխանները.

«Ադրբեջանի կողմից եռակողմ և այլ ձևաչափերով ընդունված հայտարարությունների և պայմանավորվածությունների խախտումները խրոնիկ բնույթ ունեն, ինչն արտահայտվում է հետևյալում։ 2020 թվականի դեկտեմբերի Ադրբեջանն ապօրինի կերպով օկուպացրել է ԼՂ Խծաբերդ և Հին Թաղեր բնակավայրերը և հարակից տարածքները՝ ի հեճուկս նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, համաձայն որի՝ հակամարտության գոտում իրականացվում է կրակի ամբողջական դադարեցում, դադարեցվում են բոլոր ռազմական գործողությունները, և կողմերը մնում են իրենց զբաղեցրած դիրքերում։ Ադրբեջանը նմանատիպ օկուպացիա իրականացրել է նաև 2022 թվականի մարտին՝ ներխուժելով ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտի և խախտելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ սահմանված շփման գիծը։ Եվ հիմա Ադրբեջանի նախագահը հպարտությամբ դա անվանում է «օպերացիա Փառուխ»»,- ասե էր Փաշինյանը։

Ալիևի այս անհիմն հայտարարություններին ոչ մի կողմից անդրադարձ չեղավ, սակայն այսօր տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հեռախոսազրույցը, որտեղ քննարկել են Հայաստանին սպառնացող վտանգների և խնդիրների մասին, ինչպես նաև անդրադարձ է կատարվել ԼՂ-ի հիմնախնդիրների կարգավորման հարցերի շուրջ։

Բլինքենը  պատրաստակամությունն է հայտնել շարունակելու աջակցությունը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հարցում: Փաշինյանը բարձր է գնահատել ԱՄՆ ջանքերը և պետքարտուղար Բլինքենի անձնական ներգրավվածությունը: Զրուցակիցները պայմանավորվել են շարունակել քննարկումները տարածաշրջանում անվտանգության և կայունության մակարդակի բարձրացմանն ուղղված քայլերի, այդ թվում հումանիտար հարցերի կարգավորման վերաբերյալ:

Ակնհայտ է, որ ԱՄՆ-ը հանդես է գալիս Հայաստանին հնարավաորինս օգնելու և պաշտպանելու դիրքերից։ Հայաստանը պետք է կարողանա քաղաքական կամք դրսևորել՝  ճիշտ և սահուն կերպով համագործակցել ԱՄՆ-ի հետ, որպեսզի ռազմական առումով աջակցություն ստանա։ Իսկ դրա համար հարկավոր է հանդես գալ ինքնիշխան դիրքերից և ոչ թե չգործող ռազմաքաղաքական կազմակերպությունների ու դաշնակցային հարաբերություններում իր պարտավարությունները չպահող Ռուսաստանի ու ՀԱՊԿ-ի շահերից ելնելով;

Հիշեցնենք, որ ԱՄՆ նոյեմբերի 14-ին միջանկյալ ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունը տարել է հաղթանակ, այսպես ասած՝ վերահաստատվել է Բայդենի իշխանությունը։ Հետևաբար, աշխարհը չի կարող հաշվի չնստել Բայդենի վարչակազմի հետ։ Այս ամենի հիման վրա ԱՄՆ-ի ազդեցությունն ավելի է ուժգնանալու հատկապես մեր տարածաշրջանում։ Այս առնչությամբ նաև կարելի է մատնանշել, որ Բայդենն արդեն ունեցել է տարբեր հանդիպումներ՝ կայացել է Էրդողան-Բայդեն հանդիպումը, հանդիպել է նաև Չինաստանի նախագահի հետ նոյեմբերի 14-ին Բալիում G20-ի գագաթաժողովի ընթացքում։

Ինչպես հայտնում են միջազգային ԶԼՄ-ները Անկարայում նաև հանդիպել են ԱՄՆ-ի և Ռուսաստանի արտաքին հետախուզության պետերը, որը թե մեր տարածաշրջանի, թե Ուկրայիայում տեղի ունեցող պատերազմի ու լարվածությունների հանգուցալուծմանը կարող է տանել։

Ալիևի հռետորաբանությունը այս պայմաններում չի կարող իրացվել, քանի որ միջազգային հանրության հատկապես՝ ԱՄՆ-ի կողմից ակնառու են ճնշումներ, սակայն միարժամանակ ՀՀ-ի համար Ալիևի պահվածքը հանդիսանում է անվտանգության և պաշտպանության ռիսկեր, և Հայաստանը իր անվտանգությունը ապահովվելու համար պետք է կարողանա ճիշտ օգտագործել միջազգային լծակները և համագործակցությունը բարեկամ ու գործընկեր պետությունների հետ, որպեսզի կարողանա ռազմական օժանդակություն ստանա, ինչպես նաև սպառազինություն ձեռք բերի։ Դիվանագիտական առումով նույնպես շարունակի ճիշտ աշխատանքներ իրականացնել՝ ներգրավվելու համար նոր գործընկերների և աջակիցների թե Հայաստանի, թե Արցախի հարցում։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ