Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հունվարի 28-ի լույս 29-ի գիշերը ԱՄՆ-ում երկու հայկական վարժարան թիրախ են դարձել, ոստիկանության բնութագրմամբ, «ատելության միջադեպի»: Ֆերահյան վարժարանի տարածքում ոստիկանությունը հայտնաբերել է 11, իսկ Մանուկյան-Դեմիրճյան վարժարանում՝ 2 թուրքական դրոշ։ Տարածքի տեսախցիկներն արձանագրել են, որ դիմակավորված անձը գիշերը՝ ժամը 4-ի սահմաններում, սկսել է մոտակա պողոտային կից ցանկապատի երկարությամբ դրոշներ շարել, ապա նույնն արել է ուրիշ վայրերում:
ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը հայկական վարժարանների հետ կապված դեպքի առթիվ հանդես է եկել հայտարարությամբ.
«Հարավային Կալիֆոռնիայի մասնավոր հայկական դպրոցները վանդալիզմի են ենթարկվել թուրքական դրոշներով: Այս դպրոցներում սովորում են Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունից փրկվածերի սերունդները: Ես աջակցում եմ հայ համայնքին՝ դատապարտելով ատելության հողի վրա կատարված այս գործողությունը»:
Նա նշել է, որ իշխանությունները քննում են միջադեպը: Շիֆը հույս է հայտնել, որ կասկածյալները կբացահայտվեն: