ՀՀ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը Facebook-ի իր էջում գրել է․
«Ալ Արաբիա հեռուստատեսության եթերում քննարկեցինք Հայաստանում ստեղծված ներքաղաքական և տնտեսական իրավիճակը։ Մասնավորապես անդրադարձ կատարվեց հետևյալ կետերին.
– Հայաստանը ժողովրդավարական երկիր է և իշխանությունները ձևավորվել են արդար և թափանցիկ ընտրությունների արդյունքում’ ստանալով ընտրողների ավելի քան 70%-ի աջակցությունը,
– Երևանում տեղի ունեցող ակցիաներն ու հանրահավաքները քաղաքական պրոցեսի մաս են, և իշխանությունները պատրաստակամ են շարժվել կոնստրուկտիվ բանակցությունների ճանապարհով իրավիճակի հանգուցալուծման նպատակով,
– ԳՇ ղեկավարի և մի խումբ գեներալների կողմից արված հայտարարությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԶՈՒ ստորաբաժանումներին և ղեկավարներին հրամայել է զբաղվել պետության և սահմանների պաշտպանության ու անվտանգության ապահովման հարցերով’ համաձայն ՀՀ սահմանադրության,
– Արցախի հարցի շուրջ եռակողմ հայտարարության մասին հարցին ի պատասխան մտահոգություն հայտնեցի այն մասին, որ ադրբեջանական կողմը երկարաձգում է գերիների վերադարձի հարցը։ Այս կարևորագույն հարցի շուրջ բանակցությունները շարունակվում են և հուսանք, որ խնդիրն արագ կհանգուցալուծվի,
– Նշեցի նաև, որ Հայաստանում բոլոր ինստիտուտներն ու ենթակառուցվածքներն աշխատում են բնականոն ռեժիմով, պետական բոլոր մարմինները լիարժեքորեն իրականացնում են իրենց գործառույթները,
– Տնտեսական իրավիճակի մասով խոսեցի վերջերս իրականացված 750 մլն դոլար եվրոբոնդերի թողարկման և տնտեսության վերականգնման դրական ազդակների մասին»։