ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը դեմ արտահայտվեց նույն խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանի առաջարկած նախագծի կարգավորմանն: Պատգամավորը նաև նշեց, որ Ալեն Սիմոնյանը հակասում է ինքն իրեն:
Սարգսանի խոսքով՝ երբ խոսվում էր այն մասին, որ գրասենյակների փակման դեպքում մարդիկ կտեղափոխվեն համացանցում խաղադրույք կատարելուն, Սիմոնյանը հերքում էր դա, որովհետև հեռախոսով դժվար է խաղադրույք կատարել, բայց երբ խոսք եղավ, որ կարող են զանգել Մեղրի ու պատվիրել իրենց անունից խաղադրույք անել, Սիմոնյանն ասաց, որ դրա փոխարեն հեռախոսով կանեն իրենց խաղադրույքը։
«Ընդամենը 5 րոպեում պարոն Սիմոնյանն իր առաջարկած մտքին հակասեց … Պարո՛ն Սիմոնյան, խնդրում եմ Ձեր ասածներին 5 րոպեի ընթացքում մի հակասեք։ Ես շատ եմ հարգում Ձեզ, Դուք իմ պայքարի ընկերն եք և այդպիսին կմնաք՝ անկախ ամեն ինչից, բայց ես չեմ կարող իմ խղճի առաջ հանգիստ լինել, եթե այս ամենի մասին չբարձրաձայնեմ», – ասաց Սարգսյանը։