ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը մայիսի 27-ին ընդունել է Ուկրաինայի տարբեր քաղաքներից ժամանած լրագրողների, բլոգերների և հասարակական-քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչների:
Հանդիպում-քննարկումն ընթացել է երկխոսության և բանավեճի մթնոլորտում: Հյուրերը հետաքրքրվել են մեր երկրում իրականացված Թավշյա հեղափոխության հաջողությամբ, հետհեղափոխական ծրագրերից, բարեփոխումների օրակարգից, ժողովրդավարական գործընթացների հետագա խորացմամբ, Ուկրաինայում հայկական սփյուռքի գործունեությամբ, ինչպես նաև արտաքին ու ներքին քաղաքական գործընթացներից:
ԱԺ փոխնախագահը ներկայացրել է վերջին 10 տարիներին իր գործունեությունը, մինչ քաղաքականությամբ զբաղվելն անցած ուղին, անդրադարձել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության որդեգրած քաղաքականությանն ու կառավարման համակարգին, երկրի իշխանությունների վարած քաղաքականության առաջնահերթություններին:
Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով մեր երկրում իրականացվող բարեփոխումների ներկապնակին, ընդգծել է մասնավորապես կոռուպցիայի դեմ անողոք պայքարը, մենաշնորհների վերացումը, ներդրումային քաղաքականության հարցում քաղաքացիների վստահության աճը, աշխատավարձերի բարձրացումը և այլն: Նա այս շարքում նշել է նաև հաջողությունները միջազգային ասպարեզում: Օրենսդրական բարեփոխումների հարցում կարևորվել են Ընտրական և Հարկային օրենսգրքերում նախատեսվող փոփոխությունները: ԱԺ փոխխոսնակի համոզմամբ՝ ՀՀ իշխանություններն ունեն վճռականություն բարեփոխումները կյանքի կոչելու հարցում: Նշելով, որ օրենսդիր և գործադիր իշխանությունները ներկայացնում են ժողովրդի կամքը՝ բանախոսն անդրադարձել է դատական համակարգի խնդիրներին, խոսել անցումային արդարադատության գործիքակազմի կիրառման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին՝ նշելով, որ իշխանություններն այդ քայլերով փորձում են առողջացնել դատական համակարգը:
«Պետք է հավատալ ժողովրդի ուժին: Եթե պարզվի, որ մենք սխալ էինք, ապա հաջորդ ընտրություններում ժողովուրդը մեզ չի ընտրի»,-փաստել է Ալեն Սիմոնյանը:
Խոսելով ապատեղեկատվության դեմ պայքարի մեթոդների մասին՝ ԱԺ նախագահի տեղակալը համոզմունք է հայտնել, որ այդ երևույթի դեմ իրենք պայքարում են բացառապես քաղաքացիների հետ բաց երկխոսության, ազատ շփումների և քննարկումների միջոցով: Նա հիշեցրել է, որ մեր երկրում լրատվամիջոցներն անկախ են, ինչի վառ ապացույցը լրատվական դաշտում ընդդիմադիր ԶԼՄ-ների մեծամասնությունն է:
Հյուրերը հետաքրքրված են եղել նաև հայ-ուկրաինական հարաբերությունների հետագա զարգացմամբ: Այս առնչությամբ ԱԺ նախագահի տեղակալն արձանագրել է, որ երկկողմ հարաբերությունների ընդլայնումն օրենսդրի օրակարգում է:
Ալեն Սիմոնյանն անդրադարձել է նաև ԼՂ հակամարտությանը՝ համոզմունք հայտնելով, որ հիմնախնդիրը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ բանակցությունների ճանապարհով: ԱԺ փոխխոսնակի համոզմամբ? հայկական կողմը երբևէ ատելություն չի քարոզում Ադրբեջանի հանդեպ, մինչդեռ նույնը չի կարելի ասել հարևան պետության մասին:
Երիտասարդ քաղաքական գործիչներին հաջողության հասնելու բանաձևը մանրամասնելով՝ Ալեն Սիմոնյանը հորդորել է. «Համոզեք մարդկանց, որ իրենք ձեր գործունեության կարևորագույն մասն են և լավագույնի օրինակ ծառայեք»: