Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը բարձր տեխնոլոգիաների ոլորտում հայ-ռուսական համագործակցությունը խորացնելու անհրաժեշտություն է տեսնում: Մոսկվայում «Արմենպրեսս» -ի թղթակցի հետ զրույցում Ալեքսեյ Սանդիկովը նշեց, որ «Լազարյան» ակումբի նիստի շրջանակներում, երբ քննարկվել է հայ-ռուսական հարաբերությունների տեսլականը, ինքը վերահաստատել է իր մոտեցումը, որ հայ-ռուսական հարաբերություններում թերագնահատվում է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությունը թե՛ ծրագրային ապահովման, թե՛ միկրոէլեկտրոնիկայի նորարարական աշխատանքների մակարդակով:
«Ես մատնանշել եմ բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների զարգացման անհրաժեշտությունը, որովհետև բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը միանշանակ հանգեցնելու է տնտեսության մնացած ճյուղերի զարգացմանը»,- ասաց պատգամավորը:
Մանրամասնելով խոսքը՝ ՀՀ ԱԺ պատգամավորը նշեց, որ հայկական ընկերությունները մեծ ներուժ ունեն ծրագրային ապահովման ոլորտում, սակայն խնդիրներ ունեն՝ կապված ռուսական պետական ստանդարտներով փաստաթղթերի մշակման հետ: Սանդիկովի խոսքով՝ ռուսական ընկերությունները կարող են հայկական ընկերություններին օգնել փաստաթղթային ապահովման հարցերով, իսկ հայկական ընկերությունները նրանց՝ ծրագրային ապահովման հարցում:
Աղբյուրը՝ armenpress.am