Օրեր առաջ մերձիշխանական ՀԿ ներկայացուցիչների խումբն այցելել էր Բաքու։ Այնտեղից վերադառնալուց հետո կազմակերպված ասուլիսի ժամանակ «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոն» ՀԿ նախագահ Արեգ Քոչինյանը նշել էր, որ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւն իրենց խնդրել է մի քանի ուղերձներ փոխանցել Հայաստանի հասարակությանը:
«Առաջինն այն է, որ պատերազմն ավարտվել է, Ադրբեջանի համար այլեւս պատերազմ չկա, որ կոնֆլիկտն ավարտվել է, որ հայ-ադրբեջանական կոնֆլիկտն իրենց համար ավարտված է, որ իրենք ուզում են այս «չպատերազմ» վիճակից կառուցել խաղաղություն եւ գնալ դեպի խաղաղություն, եւ որ նրանց համար չափազանց կարեւոր է այս մեսիջը մեր միջոցով Հայաստանի հասարակությանը փոխանցելը, որ իրենք ցանկանում են Հայաստանի հետ համապարփակ եւ երկարաժամկետ խաղաղություն կառուցել ու պատրաստ են այդ ճանապարհով գնալ առաջ, եւ [նաեւ այն], որ երեւի թե չափազանց կարեւոր է, Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ որեւէ տարածքային պահանջ չունի: Սրանք բառացի այն ուղիղ մեսիջներն էին, որոնք Ադրբեջանի նախագահի օգնականը խնդրել էր փոխանցել Հայաստանի հասարակությանը»,- ասուլիսի ժամանակ ասել էր Քոչինյանը:
Նախ պետք է նկատել, որ Հաջիեւն իր խոսքը Հայաստանի քաղաքացիներին հասցնելու խնդիր երբեւէ չի ունեցել։ Պաշտոնական Բաքվի՝ Հայաստանին առնչվող ցանկացած հայտարարություն տարբեր լրատվամիջոցների կողմից միանգամից տարածվում է հայկական լրահոսում՝ առաջացնելով մեծ ալիք ու դիմադրություն։ Այն պնդումը, թե Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ որեւէ տարածքային պահանջ չունի եւ ցանկանում է երկարաժամկետ խաղաղություն կառուցել ՀՀ-ի հետ, Հաջիեւը կարող էր ասել որեւէ լրատվամիջոցի առաջ, եւ դա նույն օրը կտարածվեր հայկական լրատվամիջոցների կողմից։ Մասնավորապես, հայկական «իշխանական» ԶԼՄ-ները, որպեսզի հերթական անգամ մարդկանց «ուղեղները լվանան», մեծ խանդավառությամբ այդ լուրը կներկայացնեին հայկական լսարանին։
Պարզ է, որ երբ Քոչինյանը նշում է, թե Բաքվի համար այդ «մեսիջը» չափազանց կարեւոր է եղել հենց իրենց միջոցով Հայաստանի հասարակությանը փոխանցելը, նա չի հասկացել, որ այդ կերպ ոչ թե բուն «մեսիջն» է կարեւորում, այլ այն ձեւը, որով տվյալ լուրը փոխանցվում է Հայաստանի քաղաքացիներին։ Այդ կերպ Բաքու մեկնած իշխանություններին մոտ կանգնած փորձագիտական դաշտի հինգ ներկայացուցիչները փաստացիորեն դարձել են Ալիեւի կամակատարները, ովքեր սիրով հանձն են առել կատարել մի գործառույթ՝ Հաջիեւի կողմից իրենց տրված տեղեկությունը մատուցել հայ հանրությանը։
Պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ խոսքը Հաջիեւի հետ զրույցի ընթացքում նրա կողմից արտահայտած այն մտքերին չի վերաբերում, որոնք Բաքու ուղեւորվածների համար կարող էին ուշագրավ թվալ, եւ այդ կապակցությամբ կարիք լիներ կիսվել տպավորություններով։ Ինչպես նշում է Քոչինյանը, խոսքը պաշտոնական Բաքվի կողմից հատուկ մշակված ուղերձի մասին է, որի փոխանցումը հասցեատիրոջը հանձն են առել կատարել հայ ներկայացուցիչները՝ գիտակցված կերպով։ Ի դեպ, ինչպես երեւաց Քոչինյանի խոսքից, այդ «խնդրանքը» նրանք իրականացրել են առանց դույզն իսկ քաշվելու կամ ամոթի զգացումի՝ շատ ինքնավստահ կերպով փորձելով ներկայացնել, թե մի «ավետաբեր» լուր են փոխանցում հայ ժողովրդին։
Այն, որ Ադրբեջանը Հայաստանին մշտապես կապանքների մեջ պահելու եւ, ի վերջո, խեղդամահ անելու հստակ ռազմավարություն ունի, հայտնի է բոլոր ողջախոհ մարդկանց։ Այն, որ «խաղաղության մեսիջը» ալիեւյան վարչակազմը կարող էր հղել Հայաստանի քաղաքացիներին՝ մեր երկրում բաժանարար գծերը խորացնելու եւ Փաշինյանի գլխավորած վարչախմբի դիրքերն ամրացնելու համար, դա եւս զարմանք երբեք չի կարող պատճառել գիտակից քաղաքացիներին։ Սակայն այն, որ Ալիեւը Հայաստանում կարող էր ունենալ «դեսպանորդներ», ովքեր ոգեւորությամբ կարող էին ստանձնել Հաջիեւի «խնդրանք-ցուցումները» հայ ժողովրդին ներկայացնելու «առաքելությունը», դա իսկապես անսպասելի էր շատերի համար։
Կարելի է կարծել, որ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնությունը, ինչպես իրեն օրերս սկսեց անվանել Բաքու այցելած մերձիշխանական ՀԿ ներկայացուցիչների խումբը, այսուհետ ստանձնելու է Բաքվից ստացվող տարբեր «մեսիջները» հայ ժողովրդին փոխանցելու գործը։ ՀՀ իշխանությունները դեռեւս երեկ խնդիր ունեին Բաքվից ստացվող հանձնարարականները ՀՀ քաղաքացիներին ներկայացնելու հարցում։ Այսուհետ այդ խնդիրը լուծված պետք է համարել։ Այն, ինչ անում էր ՀՀ գործող վարչախումբը քողարկված, կանեն «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության ներկայացուցիչները՝ բացահայտ ու մեծ սիրով։
Անշուշտ, լրագրողական հանրությունը ճիշտ կանի, Ադրբեջանի հետ կապված անպատասխան հարցեր ունենալու դեպքում դիմի այդ նախաձեռնությանը՝ Բաքվից օպերատիվ կերպով պատասխաններ ստանալու ակնկալիքով։ Կարելի է նաեւ նույն նախաձեռնությունից ճշտել, թե որտեղ է լինելու իրենց մշտապես գործող գրասենյակը՝ հասկանալու համար, թե Ադրբեջանը Երեւանում որտեղ է պատկերացնում իր ապագա դեսպանությունը։

