ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը պարզաբանում է ներկայացրել՝ ի պատասխան լրատվամիջոցներով տարածվող «Սոսիների պուրակն է. Ալիևներն արդեն Սյունիքի մարզով ազատ տեղաշարժվո՞ւմ են» վերտառությամբ գրառման ու դրան կցվող լուսանկարին։
«Տարածվող լուսանկարում պատկերված տարածքը «Սոսու պուրակ» պետական արգելավայրի տարածք չէ, այլ Ծավ գետի հովտով շարունակվող, Ադրբեջանի տարածքում գտնվող սոսի ծառատեսակի աճելավայրի շարունակությունն է, որը չի գտնվում ՀՀ տարածքում։
«Սոսու պուրակ» պետական արգելավայրը, որի տարածքը 64,2 հա է, գտնվում է ՀՀ Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի վարչական տարածքում՝ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի պահպանության ներքո։
Այնտեղ մինչ պատերազմն իրականացվել են նաև սահմանների երկայնքով, հստակ կոորդինատներով սահմանասյուների տեղադրման աշխատանքներ, ինչը սահմանային փոփոխության չի ենթարկվել», – ասված է պարզաբանումում։