ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը Թուրքիայի Halkbank պետական բանկին մեղադրել է Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների խախտման, խարդախության և փողերի լվացման մեջ: Այս մասին նշված է գերատեսչության հոկտեմբերի 15-ին հրապարակված հայտարարության մեջ:
Հայցը ներկայացված է Նյու Յորքի նահանգի Հարավային օկրուգի ֆեդերալ դատարան: ԱՄՆ-ի արդարադատության նախարարության պնդմամբ՝ ֆինանսական ինստիտուտը մեղսակից է Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները շրջանցող բազմամիլիարդանոց սխեմայի:
«Թուրքիայի Halkbank պետական բանկը մեղադրվում է այն բանում, որ մասնակցել է հանցավոր նախահամաձայնությանը՝ նպատակ ունենալով վիժեցնել ԱՄՆ-ի պատժամիջոցները իրանական ռեժիմի դեմ՝ Իրանին հնարավորություն ընձեռելով օգտվելու միլիարդավոր դոլարներից»,-հայտարարել է ԱՄՆ-ի արդարադատության նախարարի օգնական Ջոն Դեմերսը, որը տնօրինում է ազգային անվտանգության հարցերը:
Նրա խոսքով՝ սա վերաբերում է Իրանի դեմ պատժամիջոցների ամենալուրջ խախտումներից մեկին:
Ըստ ԱՄՆ-ի արդարադատության նախարարության՝ Halkbank-ը 2012 թվականից մինչև 2016 թվականն ընկած ժամանակաշրջանում օգնել է Իրանին ԱՄՆ-ի ֆինանսական համակարգ մուտք ստանալու հարցում: Բանկը նաև օգնել է Թեհրանի իշխանություններին շահույթ ստանալ նավթի ու գազի վաճառքից, ինչպես նաև ոսկի գնել: Այս մասին, ըստ հաղորդագրության, իրազեկված էին Թուրքիայի և Իրանի պաշտոնատարները:
ԱՄՆ-ի իշխանությունների տեղեկությունների համաձայն՝ իրանական իշխանությունները հաշիվներ են ունեցել Halkbank-ում, որոնցում պահվում էին միլիարդավոր դոլարներ: Ընդհանուր առմամբ, ինչպես պնդում է ամերիկյան կողմը, Halkbank-ի միջոցով ի շահ Իրանի անցել է մոտավորապես 20 մլրդ դոլար:
Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանության ներկայացուցիչը հայտարարել է, որ բանկին առաջադրված մեղադրանքները դրական ազդեցություն չեն ունենա երկու երկրների հարաբերությունների վրա։

