fbpx
Սպորտ

Արցախցի մարզիկը՝ ավանդական կարատեի Եվրոպայի առաջնության չեմպիոն

Արցախի կարատե-դո ֆեդերացիայի և ««Որոշում» քաղաքացիական նախաձեռնության» մի խումբ անդամներ այսօր Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի հուշարձանի մոտ դիմավորել են Ռուսաստանի Դաշնության Օդինցովո քաղաքում օրերս կայացած ավանդական կարատե-դո Եվրոպայի 34-րդ առաջնությանը մասնակցած արցախցի 11 մարզիկներին:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի կարատե-դո ֆեդերացիայի գլխավոր մարզիչ Արամ Գևորգյանն ասել է, որ առաջնության արդյունքները գոհացուցիչ են, մարզիկներն արդարացրել են իր սպասելիքները:

«Մեր մարզիկներից Տիգրան Գևորգյանը, ով սկսած 2009 թվականից մասնակցում է տարբեր առաջնությունների, այս անգամ կարողացավ արժանանալ ոսկե մեդալի և դառնալ Եվրոպայի չեմպիոն: Այս առաջնությունն աննախադեպ էր, քանի որ առաջին անգամ է, որ մրցաշարին մասնակից բոլոր մարզիկները գրավում են մրցանակային տեղեր: Թիմային մարզաձևում մեր մարզիկները գրավել են 3-րդ մրցանակային տեղ»,- մասնավորապես ասել է Ա. Գևորգյանը և նշել, որ ամեն անգամ մասնակցելով տարբեր մրցաշարերի նոր փորձ ու հմտություն են ձեռք բերում մարզիկները:

Առաջնությանն առաջին տեղ գրաված Եվրոպայի չեմպիոնի տիտղոսակիր Տիգրան Գևորգյանը մեզ հետ զրույցում ասել է, որ մրցաշարն այնքան էլ հեշտ չէր, բայց նրան հաջողվել է դառնալ ոսկե մեդալակիր:

Նրա խոսքով՝ մրցաշարին մասնակցել են 15 պետության ավելի քան 800 մարզիկ:

Խոսելով գրանցած արդյունքների մասին՝ աղբյուրի զրուցակիցն ասել է. «Սա մեր 10 տարիների տքնաջան աշխատանքի արդյունքն է: Այս առաջնությունում ես ունեցել եմ 4 մենամարտ. կիսաեզրափակչում մրցել եմ ազգությամբ հայ աշխարհի չեմպիոնի տիտղոսակրի հետ, իսկ եզրափակչում՝ ՌԴ չեմպիոնի»:

Տ. Գևորգյանը նշել է նաև, որ Արցախ են բերել 1 ոսկե, 7 բրոնզե և 9 արծաթե մեդալներ:

Բրոնզե մեդալակիր Միքայել Մխիթարյանն էլ իր խոսքում նշել է, որ չնայած մրցապայքարը դժվար էր, բայց իրեն հաջողվել է գրավել երրորդ մրցանակային տեղ:

Նա ունեցել է 3 մենամարտ. մրցակիցները եղել են Իտալիայից, Ռուսաստանի Դաշնությունից, Ուկրայինայից:՝

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ