Ամերիկահայ գործարար, աշխարհի ամենահարուստ հայուհի Կարոլին Ռաֆաելյանը դատի է տվել Bank of America-ին ու պահանջում է հատուցել իր ընկերության կորուստները՝ մոտ 1,1 միլիարդ դոլար։ Ամերիկահայ գործարարը բանկին մեղադրում է նաև սեռական խտրականություն դրսևորելու մեջ։
Ռաֆաելյանին պատկանում է Alex and Ani զարդերի հայտնի բրենդը, որի շուրջ էլ ընթանում է վեճը։ Գործարարը պնդում է, որ իր դեմ դավադրություն է իրականացվում, քանի որ բանկն ապօրինի փակել է իր ընկերության վարկային գիծը, բայց շարունակում է պարբերաբար գանձումներ անել այդ հաշվի սպասարկման համար։ Ավելին, ըստ Ռաֆաելյանի, բանկից հայտարարել են, որ ընկերությունը պետք է տղամարդ ղեկավար նշանակի, որ հարցերը լուծվեն։
Հայազգի կին գործարարը, որի կարողությունը գնահատվում է մինչև 550 միլիոն դոլար, բողոք է ներկայացրել և՛ նշված ֆինանսական հարցով, և՛ իր նկատմամբ սեռային խտրականություն ցուցաբերելու հիմքերով։ Ավելին, Ռաֆաելյանի խոսքերով՝ իր դեմ աշխատում է աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Ուորեն Բաֆֆեթը, որի Berkshire Hathaway ներդրումային հիմնադրամը բանկի հիմնական սեփականատերերից է։
Ռաֆաելյանի խոսքով՝ Բաֆֆեթը հիմա ներդրումներ է կատարել չինական մի ընկերության մեջ, որը կեղծում է «Alex and Ani» բրենդի զարդերը։ Հետևաբար, ամերիկացի միլիարդատերը միջամտում է բանկի գործերին, որ վերջինս ֆինանսական նեղ դրության մեջ գցի հայ գործարարին պատկանող ընկերությունը։ Սակայն ընկերության խնդիրները սկսել են ավելի վաղ․ տարեցտարի դրա վաճառքի ծավալը նվազում է, ինչի հետ նվազում է նաև ընկերության հիմնադրի՝ Ռաֆաելյանի կարողությունը, որը դեռ 2018 թվականին գնահատվում էր մոտ 1 միլիարդ դոլար։