ԱՄՆ-ի բնակիչների 55 տոկոսը հավանություն է տալիս դեմոկրատների կողմից նախաձեռնված հետաքննությանը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնազրկման ընթացակարգի շրջանակում: Այդ մասին վկայում են CBS News-ի անցկացրած հարցման տվյալները:
Ընդ որում, ուսումնասիրության արդյունքների համաձայն, ամերիկացիների կարծիքները բաժանվել են՝ կախված այն բանից, թե որ կուսակցությանն են նրանք պատկանում:
Այսպես, տասը դեմոկրատներից գրեթե ինը (87 տոկոս) հավանություն է տալիս հետաքննությանը, իսկ երկու երրորդը վճռականորեն է հավանություն տալիս այն դեպքում, երբ Հանրապետական կուսակցության կողմնակիցների 77 տոկոսը դեմ է արտահայտվել: Անկուսակցական հարցվածների կարծիքները բաժանվել են մոտավորապես հավասարապես՝ 49 տոկոսը հավանություն է տալիս հետաքննությանը, 51 տոկոսը հավանություն չի տալիս: Նաև ամերիկացիներին հարց է տրվել, թե նրանք ինչպես են գնահատում Թրամփի գործողությունները Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ նրա հուլիսյան հեռախոսազրույցի համատեքստում:
Հարցվածների մեկ քառորդից փոքր-ինչ ավելին (28 տոկոս) ընդունելի է համարել ԱՄՆ-ի ղեկավարի գործողությունները, ամերիկացիների մեկ երրորդից փոքր-ինչ պակասը (31 տոկոս) գտնում է, որ ԱՄՆ-ի նախագահի կողմից Ուկրաինային վերաբերող հարցերի լուծումը պատշաճ չէր, բայց օրինական էր: Հարցվածների 41 տոկոսը, որոնց մեծամասնությունը դեմոկրատներ են, անօրինական է համարում Թրամփի գործողությունները: Հարցման արդյունքները ցույց են տալիս, որ ամերիկացիների շրջանում տարաձայնություններ կան այն հարցի շուրջ, թե ԱՄՆ-ի նախագահը պետք էարդյոք ենթարկվի իմպիչմենթի:
Այսպես, 42 տոկոսը կողմ է արտահայտվել, 36 տոկոսը՝ դեմ: Ընդ որում՝ երկրի բնակիչների ևս 22 տոկոսը գտնում է, որ այդ մասին խոսելն առայժմ վաղ է և ցանկանում է ավելի շատ փաստեր ստանալ: CBS News-ի հարցումն անցկացվել է 2019 թվականի սեպտեմբերի 26-27-ին:
Դրան մասնակցել է ԱՄՆ-ի 2059 բնակիչ: Վիճակագրական անճշտությունը չի գերազանցում 2,3 տոկոսը: Ավելի վաղ The Wall Street Journal թերթը հայտնել է, որ Թրամփը հուլիսի 25-ին Զելենսկու հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում ութ անգամ կոչ է արել նրան՝ հետաքննություն սկսել Հանթեր Բայդենի՝ ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջո Բայդենի որդու նկատմամբ:
Այդ մասին հայտնի է դարձել ամերիկյան հետախուզական ծառաձյություններից մեկի աշխատակցի գանգատից, որը նա տակավին ամռանը ներկայացրել է իր ղեկավարին: Կոնգրեսականների պահանջով, գանգատը փոխանցել են իրենց՝ ծանոթանալու համար, իսկ սեպտեմբերի 26-ին իրազեկչի հաղորդագրության տեքստը հրապարակվել է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի հետախուզության կոմիտեի կայքում:
Նաև ամերիկյան ԶԼՄ-ները պնդում էին, որ ԱՄՆ-ի նախագահը փորձել է ճնշում գործադրել Ուկրաինայի իր պաշտոնակցի վրա՝ հետաձգելով Կիևին ռազմական օգնության հատկացումը: Սպիտակ տունը հրապարակել է այդ խոսակցության սղագրությունը: Դրանից հետևում է, որ Թրամփն, իրոք, խնդրել է Զելենսկուն՝ հետաքննություն անցկացնել Բայդենի գործով, բայց դրանում ԱՄՆ-ի նախագահի կողմից սպառնալիքների ու շանտաժի նշաններ չկան:
Զելենսկին ինքը նույնպես հավաստիացրել է, որ Թրամփը ճնշում չի գործադրել իր վրա: Մինչդեռ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում դեմոկրատները հետաքննություն են նախաձեռնել Թրամփի իմպիչմենթի ընթացակարգի շրջանակում: Նրանց կարծիքով, Թրամփն իր զբաղեցրած պաշտոնն օգտագործել է քաղաքական նպատակի հասնելու՝ 2020 թվականի նախագահական ընտրություններում իր հավանական մրցակցին՝ Ջո Բայդենին, հարված հասցնելու համար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: