ԱՄՆ-ի վարչակազմը մտադիր է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմին (ԻՀՊԶ, իրանական զինված ուժերի ընտիր զորամասեր) երկրի արտաքին տնտեսական գործունեությունից կտրելու փորձ ձեռնարկել: Այդ մասին, ինչպես փոխանցում է TACC-ը, ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն սեպտեմբերի 25-ին հայտնել է Նյու Յորքում ընթացող խորհրդաժողովում, որը կազմակերպել է ամերիկյան ոչ կառավարական մի կազմակերպություն, որն իր գործունեության նպատակ է հռչակել Իրանի կողմից միջուկային զենքի ստացման կասեցումը:
«Նախ և առաջ մենք նոր գործողություններ ենք ձեռնարկում, որ ԻՀՊԶ-ին կտրենք իրանական տնտեսությունից: Միացյալ Նահանգներն ակտիվացնում է այն բանին ուղղված ջանքերը, որ մյուս երկրներին ու ընկերություններին ավելի լավ ծանոթացնի այն ռիսկերի հետ, որոնցով ուղեկցվում է ԻՀՊԶ-ի կառույցների հետ գործեր վարելը, և մենք պատժելու ենք այդ պետություններին ու ֆիրմաներին, եթե նրանք համառեն և մարտահրավեր նետեն մեր նախազգուշացումներին»,-հայտարարել է ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Պոմպեոն նաև հայտարարել է, որ Իրանը թաքցնում է «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման անդամներին:
«Իրանը երկար տարիներ ագրեսիվ քաղաքականություն է վարել սեփական ժողովրդի, հարևան պետությունների և ամբողջ քաղաքակրթության դեմ»,-ասել է նա՝ հավելելով, որ նրանք սպանում ու կտտանքների էին ենթարկում իրենց ժողովրդին, սպանում էին ամերիկացիներին՝ Լիբանանից մինչև Իրաք, նրանք մինչ այժմ պարտակում են «Ալ Քաիդա»-ին:
«Իրանն այդպես գործում էր չորս տասնամյակ և, ցավոք, առանց իր համար հետևանքների»,-ընդգծեց Պոմպեոն։