Վաշինգտոնը Սիրիայում Անկարայի ռազմական գործողության պատճառով հրաժարվել է հետախուզական տեղեկատվություն փոխանակել Թուրքիայի հետ և տվյալներ հաղորդել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ միջազգային կոալիցիայի գործողությունների վերաբերյալ: Այս մասին հայտնել է Spiegel-online գերմանական հրատարակությունը:
Նրա աղբյուրների տեղեկատվության համաձայն՝ Պենտագոնը այդ մասին կարգադրել էր դեռ հոկտեմբերի 9-ին: Վաշինգտոնում զգուշանում են, որ Անկարան տրամադրվող տեղեկատվությունը քրդերի դեմ կօգտագործի Սիրիայի հյուսիս-արևելքում: ԳԴՀ-ի զինվորական շրջաններում ԱՄՆ-ի քայլը որակել են «ապտակ» Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանին: Փաստորեն ԱՄՆ-ը, մասնագետների կարծիքով, ոչ պաշտոնապես Անկարային բացառել է ԻՊ-ի դեմ միջազգային կոալիցիայից:
Ինչպես գրում է Spiegel-ը, Գերմանիայի զինված ուժերը, որոնք հետախուզական թռիչքներ են կատարում Սիրիայի և Իրաքի տարածքի վրա, Թուրքիայի նկատմամբ անվստահության պատճառով այլևս կոալիցիային չեն տրամադրում Tornado ինքնաթիռներից արված կադրերը։