Հյուսիսային Կորեայի հարցերով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Բիեգանը Սեուլում հանդիպել է Հարավային Կորեայի բարձրաստիճան պաշտոնյաների՝ քննարկելու համար Հյուսիսային Կորեայի ղեկավարության հետ բանակցությունների վերսկսման հեռանկարները: Լրագրողների հետ հանդիպման ընթացքում Բիեգանն ընդգծել է՝ Միացյալ Նահանգները պատրաստ է բանակցություններին.
«Նախագահ Թրամփն ինձ և իմ թիմին հանձնարարել է վերսկսել աշխատանքային բանակցությունները Հյուսիսային Կորեայի հետ։ Բանակցություններն ընթանալու են Սինգապուրում երկու առաջնորդների կողմից ձեռք բերված չորս պարտավորությունների իրականացման շուրջ»:
Փհենյանը սակայն դեռևս չի ազդարարել, որ պատրաստ է վերսկսել բանակցությունները: Հյուսիսկորեական պետական թերթը փոխարենը մեղադրել է Միացյալ Նահանգներին թշնամական քաղաքականություն իրականացնելու մեջ:
Ավելի վաղ, նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Ջոն Ընը խոստացել է «հանդիպել և բանակցություններ սկսել», ինչպես նաև դադարեցնել հրթիռների արձակումը: Փհենյանը սակայն շարունակաբար բողոքում էր Վաշինգտոնի և Սեուլի համատեղ զորավարժություններից, չնայած որ կողմերը կրճատել էին դրանց ծավալը: Զեկույցների համաձայն, այս ամիս անցած զորավարժություններն առցանց ռեժիմով էին անցնում, ըստ այդմ իրական ռումբեր դրանց ընթացքում չէին օգտագործվել: