ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին փորձում են պատերազմի մեջ ներքաշել Մերձավոր Արևելքում: Այս մասին, ինչպես փոխանցում է РИА Новости -ն, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:
Իրանի ԱԳ նախարարն այդպես է արձագանքել ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոյի արած այն հայտարարությանը, որ Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա գրոհը, որում Վաշինգտոնը կասկածում է Թեհրանին, պատերազմի ակտ է:
«Պատերազմի ակտ» կամ քարոչզություն հօգուտ պատերազմի՞: «Բ խմբի» մնացորդները փորձում են խաբեությամբ Թրամփին ներքաշել պատերազմի մեջ: Հանուն իրենց իսկ բարօրության նրանք պետք Է աղոթեն, որ չստանան այն, ինչին ձգտում են»,-գրել է Զարիֆը թվիթերյան իր էջում:
Զարիֆը «Բ խումբ» է համարում մի շարք քաղաքական գործիչների միավորումը, որոնց թվում են ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը, Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն, Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանը և Արաբական Միացյալ Էմիրությունների գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Զայիդ բեն Նահայյանը։