fbpx
Արցախ

03:00 13/10/2019

ԱՄՆ պատվիրակությունը Արցախի խորհրդարանում էր

Հոկտեմբերի 12-ին խորհրդարանում հյուրընկալվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներից ժամանած պատվիրակությունը, որի կազմում են ամերիկյան մի շարք նահանգների օրենսդիր մարմինների ներկայացուցիչներ, ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբերի պատասխանատուներ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:

Խորհրդարանի նախագահը ողջունել է հյուրերին և տեղեկացրել, որ հոկտեմբեր ամսվա ընթացքում Ազգային ժողով են այցելել ԱՄՆ-ից ժամանած ևս երկու պատվիրակություններ: Նրա խոսքով՝ եթե այլ երկրների պատվիրակները առաջին քայլերն են կատարում Արցախը բացահայտելու ուղղությամբ, ապա ամերիկյան գործընկերները Արցախի հետ աշխատելու երկար տարիների փորձ ունեն:

Բարձր գնահատելով ԱՄՆ-ում Արցախի բարեկամների և հայկական կառույցների աշխատանքը՝ Աշոտ Ղուլյանը մասնավորապես նշել է ամերիկյան ինը նահանգների և մի շարք քաղաքների օրենսդիր մարմինների կողմից Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձևերի ընդունումը, և հույս հայտնել, որ գործընթացը շարունակական կլինի:

«Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ աշխատանքները որպես հաջողության օրինակ պետք է ծառայեն այլ երկրների հետ մեր հարաբերությունները զարգացնելու համար: Մեր կողմից կավելացնեմ միայն, որ Արցախը շարունակելու է ժողովրդավարական զարգացման ուղին, հավատարիմ է մնալու մարդու իրավունքների պաշտպանությանը և Հարավային Կովկասում խաղաղության ու անվտանգության պահպանմանը», – նշել է խորհրդարանի ղեկավարը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ պատվիրակության անդամներն ընդգծել են Ստեփանակերտում նախօրեին կայացած Արցախի բարեկամների համաժողովի կարևորությունը, այն հաճախակի կազմակերպելու և դրանում նոր մարդկանց ընդգրկելու անհրաժեշտությունը:

Իրենց ելույթներում հյուրերը արձանագրել են անցած տարիների ընթացքում բոլոր մակարդակներում Արցախի գրանցած առաջընթացը և խոսել տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունների մասին:

Հանդիպմանը մասնակցել են ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը և ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը:

 

Վերեվ