fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ում ցրտերի հետևանքով հազարավոր չվերթներ են չեղարկվել

Միացյալ Նահանգների Միջին Արևմուտքում հաստատված սաստիկ ցրտերը հանգեցրել են հազարից ավելի չվերթերի չեղարկման, քանի որ օդանավակայանների աշխատակիցները չեն կարողանում էքստրեմալ ջերմաստիճանի պայմաններում նախապատրաստել թռիչքների իրականացումը, հայտնել է CNN-ը:

United Continental ավիաընկերությունը չեղարկել է Չիկագոյի Օ՛Հարա օդանավակայանից պլանավորված 600 չվերթերի մոտ 80 տոկոսը. այս միջոցը գործում է երեքշաբթիից մինչև հինգշաբթի առավոտ:

Southwest Airlines-ը, որը բազավորվում է Չիկագոյի մյուս՝ Միդուեյ օդանավակայանում, չեղարկել է ավելի քան 700 չվերթ: American Airlines-ը հայտնել է երեքշաբթի 225 և չորեքշաբթի՝ 185 չվերթերի չեղարկման մասին:

Ըստ օդերևութաբանների՝ Չիկագոն և մերձակա մյուս քաղաքներն արկտիկական ցիկլոնի պատճառով դիմագրավում են վերջին տասնամյակի ընթացքում ռեկորդային ցրտերին: Սառնամանիքներն այստեղ հասնում են Ցելսիուսի -45 աստիճանի (հաշվի առնելով ուժեղ քամին): Նման ջերմաստիճանի և սաստիկ քամու պայմաններում մաշկի բաց մասերը կարող են ցրտահարվել արդեն հինգ րոպեում, նախազգուշացնում է ԱՄՆ-ի Ազգային օդերևութաբանական ծառայությունը:

«Մեր աշխատակիցները չեն կարող երկար աշխատել նման պայմաններում», – հայտարարել է United Continental-ի փոխնախագահ Ջիմ Դեյոնգը:

Նրա խոսքով՝ բեռնակիրները և մյուս աշխատակիցները միմյանց փոխարնելով աշխատում են մի քանի րոպե, որպեսզի խուսափեն ցրտահարվելուց: ԱՄՆ-ում հաստատված ցրտերի պատճառով սառել է Նիկարագուայի ջրվեժը, իսկ Չիկագոյի նշանավոր Բրուքֆիլդի կենդանաբանական այգին չորրորդ անգամ է փակվել իր գրեթե մեկդարյա պատմության ընթացքում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ