Հունվարի 28-ի լույս 29-ի գիշերը ԱՄՆ-ում երկու հայկական վարժարան թիրախ են դարձել, ոստիկանության բնութագրմամբ՝ «ատելության միջադեպի»: Էնսինոյի Ս. Նահատակաց Ֆերահյան երկրորդական վարժարանի և Քանոկա Փարքի ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան վարժարանի տարածքներում Թուրքիայի դրոշներ են կախվել: Այդ մասին Shantnews-ը տեղեկացավ ԱՄՆ-ի իր աղբյուրից:
Ֆերահյան վարժարանի տարածքում ոստիկանությունը հայտնաբերել է 11, իսկ Մանուկյան-Դեմիրճյան վարժարանում՝ երկու թուրքական դրոշ։ Տարածքի տեսախցիկներն արձանագրել են, որ դիմակավորված անձը գիշերը՝ ժամը 4-ի սահմաններում, սկսել է մոտակա պողոտային կից ցանկապատի երկարությամբ դրոշներ շարել, ապա նույնն արել է ուրիշ վայրերում:
Հայկական դպրոցների տնօրենները ոստիկանության հետ քայլեր են ձեռնարկել աշակերտների անվտանգությունն ապահովելու համար, աշակերտներն, իրենց հերթին, սկսել են հայկական դրոշների քանակն ավելացնել դպրոցների տարածքներում: