fbpx
Էկո

Ամուլսարի շահագործումը կարող է տորպեդահարել Ջերմուկում զբոսաշրջությունը․ Զոհրաբյան

Ամուլսարի հանքի շահագործումը կարող է տորպեդահարել Ջերմուկում զբոսաշրջությունը: Այս մասին ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նրա խոսքով՝ Ջերմուկի բնակիչների հետ վերջերս տեղի ունեցած շփման ժամանակ նա ևս մեկ անգամ համոզվել է, որ նրանք ոչ մի պարագայում չեն պատրաստվում նահանջել և «Լիդիան Արմենիային» թույլ չեն տա վերականգնել Ամուլսարի հանքի շահագործումը:

«Նրանք բոլոր դիտակետերում կատարել են, այդ թվում դեկտեմբերի 31-ին, և կատարում են շուրջօրյա հերթապահություն»,-շեշտեց նա:

Զոհրաբյանը նշեց, որ խորհրդարանում ձևավորված ժամանակավոր քննիչ հանձնաժողովը շուտով հրավիրելու է ընկերության ներկայացուցիչներին և բնապահպաններին՝ մի շարք հարցեր պարզելու նպատակով, որոնք առնչվում են ինչպես ընդհանրապես հանքարդյունաբերությանը, այնպես էլ մասնավորապես Ամուլսարի խնդիրներին:

Պատգամավորը հավելեց, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը հանդես է գալիս ցանկացած միջոցառման դեմ, որը կարող է սպառնալ երկրի բնապահպանությանը և բնությանը անշտկելի վնաս հասցնել:

«Ցանկացած քաղաքական ուժ, այդ թվում՝ իշխանությունները պետք է հաշվի առնեն համանման ռիսկերը»,-շեշտեց Նաիրա Զոհրաբյանը:

Նա հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ եթե բնապահպանական ռիսկեր հայտնաբերվեն, ապա ոչ մի միջազգային արբիտրաժային դատարան չի կարող վախեցնել իշխանություններին, ուստի անհրաժեշտ է դա մեկնակետ ընդունել:

Հիշեցնենք, որ 2018 թվականի կեսից բնապահպանները խոչընդոտում են «Լիդիան Արմենիայի» հասանելիությունը հանքին: Նրանք հայտարարում են, որ հանքի շահագործումը կործանարար անդրադարձ կունենա Ջերմուկում զբոսաշրջության վրա և էկոլոգիական աղետ կհրահրի: Հայաստանի իշխանությունները դեռևս չեն համարձակվել բնապահպանների և Ջերմուկի բնակիչների դեմ ուժային գործողություն կատարել:

Աղբյուրը՝ News.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ