ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է 69-ամյա տղամարդու կողմից 12 տարին չլրացած երեխաների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել մեկ անձի:
Մինչդատական վարույթում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է,որ Երևան քաղաքի բնակիչը՝ ծնված 1950 թվականին, շենքի առաջին հարկում գործող իր կոշիկի արհեստանոցում պահել է ընտանի կենդանիներ և 2018թ-ի օգոստոս ամսին, կենդանիներին սիրելու պատրվակով, հյուրընկալել և անառակաբարո գործողություններ է կատարել 12 տարին չլրացած երկու երեխայի նկատմամբ:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 69-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ): Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական կայքից։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: