Մշակույթ
23:20 16/12/2019

«Ստեղծել, Արժևորել, Պահպանել». կայացել է «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի ամենամյա ամփոփիչ միջոցառումը

«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի է ունեցել Եվրոպական միության «Ստեղծագործ Եվրոպա» նախագծի «Մշակույթ» ենթածրագրի ամենամյա ամփոփիչ միջոցառումը` «Ստեղծել, Արժևորել, Պահպանել» խորագրով: Ծրագիրը Հայաստանի մշակութային գործիչներին հնարավորություն է տալիս համագործակցել եվրոպացի գործընկերների հետ և ստեղծարար գործունեություն իրականացնել եվրոպական հարթակներում:

Միջոցառման սկզբում բացման խոսքով հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի տեղակալ Եկատերինա Դորոդնովան: Միջոցառմանը մասնակցել են Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, պետական պաշտոնյաներ, մշակութային գործիչներ:

Շնորհավորելով կազմակերպիչներին՝ Արայիկ Խզմալյանն ասել է. «Այն ինչ անում է «Ստեղծարար Եվրոպա» նախագիծը, ուղղակիորեն բխում է մշակույթի ոլորտում պետական քաղաքականությունից, այն է՝ միջազգային կապերի ընդլայնումը, համատեղ նախագծերի իրականացման խթանումը: Հույս ունեմ՝ «Ստեղծարար Եվրոպա»-ի շնորհիվ եվրոպական փորձի յուրացման, եվրոպական մասնագետներին ընդգրկելու, գեղարվեստական նորարարական միտումները կներմուծվեն նաև մեր մշակութային իրականություն»:

Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Եկատերինա Դորոդնովան ևս հանդես է եկել ելույթով և ողջունել է հայ մասնակիցների արդյունքներն ու նվաճումները: ««Ստեղծագործ Եվրոպա» նախագծում` i-Portunus ճամփորդական դրամաշնորհի 3 մրցույթներում հաղթող է ճանաչվել 6 մասնակից: Սա ավելի բարձր արդյունք է՝ շատ այլ երկրների հետ համեմատած: Շարունակե՛ք օգտվել «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրով առաջարկվող հնարավորություններից»,- նշել է նա:

Միջոցառման ընթացքում ներկայացվել են 2019 թ. ծրագրի շրջանակում Հայաստանի գրանցած ձեռքբերումները, ինչպես նաև` Եվրոպա Նոստրա եվրոպական մշակութային ժառանգության մրցանակակիր նախագծերը: Ընդհանուր առմամբ, ծրագրի շրջանակում այս տարի հայաստանցի արվեստագետները մշակութային համագործակցություն են իրականացրել եվրոպական ավելի քան 10 երկրի գործընկերների հետ, իրականացրել են փոխադարձ ճամփորդություններ և մասնակցել վերապատրաստման դասընթացների:

Հայաստանի Հանրապետությունը «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի «Մշակույթ» ենթածրագրին պաշտոնապես միացել է 2018 թ․ ամռանը, ծրագրի հայաստանյան գրասենյակը գործում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Եվրոպական Հանձնաժողովի աջակցությամբ։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ