Մարզեր

Տավուշի մարզի Սևքար գյուղում անասնագոմի տանիք և մոտ 350 հակ անասնակեր է այրվել

Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն օգոստոսի 21-ին, ժամը 09։04-ին ահազանգ է ստացել, որ Սևքար գյուղում այրվում է անասնագոմ։

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից hայտնել են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։

«Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սևքար գյուղի 19-րդ փողոցում գտնվող անասնագոմի տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։52-ին, մարվել՝ 13։15-ին։ Այրվել են անասնագոմի տանիքը (մոտ 30 քմ) և մոտ 350 հակ անասնակեր»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից էլ հայտնում են. «Արագ արձագանքելով ստացված ահազանգին այն մասին, որ Տավուշի մարզի Իջևան համայնքի Սևքար բնակավայրի գոմերից մեկում հրդեհ է բռնկվել, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչները մեկնել են դեպքի վայր։

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ որևէ կենդանի չի տուժել. խոշոր եղջերավորները եղել են արոտում, իսկ երկու հորթին և մեկ խոզին հաջողվել է արագ հանել գոմից»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ