Առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․
ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը «Երկրները մեկ հարկի տակ» ցուցահանդես-համաժողով-մրցանակաբաշխության շրջանակում ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի աջակցությամբ սեպտեմբերի 21-ին Երևանում՝ Հյուսիսային պողոտայում, ժամը 10-ից մինչև 20-ն իրականացնելու է հանրային միջոցառում: ՁԻԱՀ-ի կենտրոնի մասնագետները ցանկացողներին շարժական կլինիկայում կտրամադրեն ՄԻԱՎ-ի, հեպատիտներ Բ-ի և Ց-ի, սիֆիլիսի վերաբերյալ անվճար, անանուն խորհրդատվություն և հետազոտություններ:
Հետազոտությունները կիրականացվեն մատից վերցված արյան նմուշով, պատասխանը կտրվի 15-20 րոպեի ընթացքում: Հետազոտության արդյունքը կախված չէ սննդի ընդունումից:
Ցուցահանդեսի ժամանակ ՁԻԱՀ-ի կենտրոնին հատկացված տաղավարում աշխատակիցները հետաքրքրվողներին կտրամադրեն տեղեկություններ ՄԻԱՎ վարակի կանխարգելման, բուժման վերաբերյալ, նաև կներկայացնեն կենտրոնի կողմից իրականացվող աշխատանքները:
ՄԻԱՎ-ով վարակված մարդը երկար տարիներ (միջինը` 8-10 տարի) կարող է առողջական որևէ խնդիր չունենալ և չիմանալ վարակված լինելու մասին: Արտաքինից ևս հնարավոր չէ կռահել: Օրգանիզմում ՄԻԱՎ-ի առկայությունը կարելի է հայտնաբերել միայն հատուկ լաբորատոր հետազոտությամբ, որը հնարավորություն կտա ախտորոշելու ՄԻԱՎ վարակը վաղ շրջանում, երբ հիվանդության ախտանշաններ դեռևս չկան: Կարգավիճակի վաղ իմացությունը կարևոր է անհրաժեշտ բուժումը ժամանակին սկսելու, վարակի փոխանցումը կանխելու, ՄԻԱՎ վարակից զերծ երեխաներ ունենալու համար:
Ուստի, անցե՛ք ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն` անկախ առողջական վիճակից, գանգատների առկայությունից: