Մի բան կարդացի վերջերս. Հայկ Հարությունյանի ամենամեծ ճնշողը իր խիղճն էր: Ոչ ոք Հայկ Հարությունյանին չէր կարող ճնշել: Իր խիղճը կարող էր իրեն ճնշել: Հիմա էդ խիղճը ի՞նչ է թելադրել իրեն այս տարիներին, ես չգիտեմ, բայց որ ոստիկանությանը մղել են անօրինական գործողությունների՝ բոլորդ տեսել եք, փաստերով: Նաև փաստահավաք խմբից, նույնիսկ Նիկոյանի այդ քաղաքական հանձնաժողովի աշխատանքների արդյունքում։ Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության և ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Նա ասաց, որ անգամ այդ հանձնաժողովում անկեղծացել է, որը ցանկալի չի եղել և Հայկ Հարությունյանի հայտարարությունների արդյունքում է պարզ դարձել, որ մեկ դիպուկահար չի եղել, այլ ավելի շատ: Նա անթույլատրելի միջամտություն է համարում, երբ դեռ Հայկ Հարությունյանի գործի նախաքննությունը չավարտված՝ տարբեր լրատվամիջոցներ ինչ-ինչ տեղեկություններ են տպագրում:
«Երկու անգամ ես հնարավորություն ունեցել եմ Հայկ Հարությունյանին լսելու փաստահավաք խմբի ժամանակ, ինքը եկել է, հասել է դռան մոտ, և իր ներքին կաշկանդվածությունը իրեն թույլ չի տվել, որ դուռը բացի, ներս մտնի: Հայկ Հարությունյանը մինչև ոստիկանապետ դառնալը եղել է կալանավայրերի համակարգի մարդ: Ինքը շատ դժվար է հոգեբանորեն այդ կառույցում ձևավորված սպայի համար պատկերացրել, որ մի օր կարող է հայտնվել կալանավայրում, եթե դատաքննության ընթացքում պարզվի իր մեղավորության աստիճանը»,-ասաց Անդրանիկ Քոչարյանը՝ չբացառելով, որ Հայկ Հարությունյանի հետ կատարվածում սա կարող է գործոն լինել:
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ մարտի 1-ին բանակն է օգտագործվել և հիմա այդ ժամանակ ուժային կառույցների ղեկավարների կողմից արդարացումներ են հնչում, թե հրաման են կատարել, Անդրանիկ Քոչարյանն հորդորում է ոչ ոքի չմեղադրել․ իրենք ընտրություն են կատարել, քանի որ կարող էին Ռոբերտ Քոչարյանին բացատրել, որ բանակը ներքին թշնամի չունի, բանակն ունի միայն արտաքին թշնամի:
Անդրանիկ Քոչարյանը հորդորում է Հայկ Հարությունյանի հետ կատարվածում մեղավորներ չփնտրել, քանի որ եթե քարեր են շպրտվում, մի օր գալու է դրանք հավաքելու ժամանակը՝ լինի իրադրության փոփոխության պատճառով, թե մեկ այլ: Նա վստահեցնում է, որ այժմ Հայաստանում շատ կարևոր բան է տեղի ունեցել. «Քաղաքական պատվերով գործ սարքելու հրաման չի տրվում, գործեր կոծկելու, ապօրինի գործեր սարքելու հրամաններ չեն տրվում»:
Այսօր ԱԺ ապրիլյան քննիչ հանձնաժողովի «մինի նիստից» հետո, որը տեղի էր ունենում ոչ հանձնաժողովի նիստերի համար նախատեսված փակ սենյակում, հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Հարությունյանը՝ լրագրողներից մեկի հարցին, որ դռների հետևից լսելի էր թեժ քննարկումը, պատասխանեց. «Մենք մտել ենք լուրջ փուլ, քննարկվում էին տեխնիկական հարցեր, իսկ թեժությունը լինում է վերևում»:
Այսօրվա նիստին պաշտոնյաներ հրավիրված չեն եղել, տեխնիկական հարցեր են քննարկվել և այդ է պատճառը, որ նիստը կայացել է ոչ հանձնաժողովի նիստերի համար նախատեսված տարածքում: Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ հաստատված ցանկով հրավիրյալների թիվը բավական մեծ է լինելու, որևէ մեկը, ով կարող է կարևոր տեղեկություն տրամադրել Մարտի 1-ի դեպքերի մասին, հրավիրվի հանձնաժողով, այդ թվում նաև պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանը:
«Բնականաբար, հարցեր են առաջանում, որոնք գերագույն գլխավոր հրամանատարին էլ պետք է ուղղենք»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը՝ հավելելով, որ այդ ժամանակ բանակին հրահանգներ իջեցնելու իրավասություն ունեցող մարդիկ՝ Գլխավոր շտաբի պետ և այլն, նույնպես հրավիրվելու են:

