fbpx
Աշխարհ

Անգլիայում ահաբեկչական կհայտարարվեն ՔԲԿ-ի հետ կապված քրդական ևս 2 կազմակերպություն

Անգլիայում և Գերմանիայում վերջերս տեղի ունեցած ահաբեկչություններից հետո Լոնդոնը թարմացնում է իր կողմից ահաբեկչական ճանաչված ու արգելված կազմակերպությունների ցանկը: Այս մասին հաղորդում է Ermeni Haber-ը։

Խորհրդարան ներկայացված նախագծով եվրոպայում գործող 2 այլ կազմակերպությունների հետ միասին նախատեսվում է արգելել նաև քրդական TAK-ի և HPG-ի գործունեությունը, որոնց Թուրքիան համարում է «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (PKK-ՔԲԿ) ռազմաքաղաքական կազմակերպության մաս:

Ըստ թուրքական պաշտոնական դիրքորոշման՝ 2004-ին հիմնված TAK-ը (Քուրդիստանի ազատագրության բազեներ-ՔԱԲ), որը Թուրքիայում մի շարք զինված հարձակումներ է իրականացրել, համակարգվում է PKK-ի կողմից՝ չնայած 2 կազմակերպությունները բազմիցս հայտարարել են, որ իրար հետ կապ չունեն:

Քրդական մյուս կազմակերպությունը՝ HPG-ն (Ժողովրդի պաշտպանության ուժեր-ԺՊՈւ), հիմնվել է 1986թ. «Քուրդիստանի ժողովրդի փրկության բանակ» անունով: 2000թ. կայացած PKK-ի համագումարի ժամանակ անվանափոխվել է՝ ստանալով ներկայիս անունը: Այս կազմակերպությունը բացահայտ հայտարարում է PKK-ի մաս կազմելու մասին և ըստ թուրքական կողմի՝ HPG-ի վրա են դրված Թուրքիայի տարածքում ոստիականակaն բաժանմունքների ու զորամասերի վրա իրականացվող հարձակումները:

Ավելացնենք, որ Անգլիայում ահաբեկչական կազմակերպություններին աջակցողները կարող են դատապարտվել մինչև 10 տարվա ազատազրկման:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ